ԳլխավորԼուր

Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է. փաստաբան

Դատական նիստ

Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված գործով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարտվել է դատարանում, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը7-րդ դասարանի «Հայ ժողովրդի պատմության» երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր, իսկ մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Ս. Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը,

Նախարարը տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ, և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչները այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է գնում: Չունենալով դրա իրավունքը, արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ սկանդալային դասագիրքը:

Կարին Տոնոյանի ղեկավարած «Հայ Ասպետ» դպրոցի և ուսուցչի միջոցով, փաստաբաններ Սիմոն Բաբայանի և Մանե Կարապետյանի հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան:

ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննել է նշված գործը և այսօր՝ 2024թ. հոկտեմբերի 15-ին, մեր հայցը բավարարել է:

Դատարանը վճռել է ճանաչել Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողած նախարարի հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը:

Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի այլընտրանքային տարբերակ:

Տեղեկացնում եմ նաև, որ Վարչական դատարանում, մեկ այլ դատավորի մոտ է քննվում սկանդալային դասագիրքը երաշխավորած նախարարի հրամանի վիճարկման գործը»,-նշված է գրառման մեջ: