ԳլխավորԼուր

ՀՖԿՍՊԻ-ում բացվել է արհեստական ժայռապատ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է արհեստական ժայռապատ՝ նախատեսված փրկարարների և արկածային տուրիզմի սիրահարների համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ժայռապատն իր տեսակով ոլորտում մեծ պահանջ ունի, իսկ ՀՖԿՍՊԻ-ում կրթական ծրագրի անհրաժեշտ բաղադրիչներից է։ Աշխատանքներ են իրականացվում հատուկ կարիք ունեցող մարդկանց համար ևս ժայռապատը հասանելի դարձնելու ուղղությամբ։

Ժայռապատի բացման արարողության շրջանակում ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանն ու Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը երկկողմ համագործակցության հուշագիր են կնքել: Հոբելյանական տարում, երբ բուհը 75 տարեկան է, իսկ ֆեդերացիան՝ 10, համագործակցությունների շարքն այսուհետ շարունակվելու է հուշագրի հիմքով։

Բացի դրանից՝ միջոցառման ընթացքում մասնագիտական անձնվեր աշխատանքի, փրկած կյանքերի ու կրթած սերունդների համար, ՀՖԿՍՊԻ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ բուհի հիմնադիր ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան ոսկե հուշամեդալով են պարգևատրվել ՀՖԿՍՊԻ-ի շրջանավարտներ, միջազգային կարգի փրկարարներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ Գեղամ Լալայանը, Արմեն Առաքելյանը, Ռադիկ Մխիթարյանը:

Comment here