ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում մարտի 26-ին մեկնարկել է «Համադպրոցական գիտության փառատոնը», հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Փառատոնին, որն անցկացվում է երկրորդ անգամ, ներկայացվել են Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցներից առաջադրված անհատական ու թիմային 35 հետազոտական նախագծեր։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտները՝ իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է համադպրոցական գիտության փառատոնի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և մասնակից դպրոցների աշխարհագրության ընդլայնումը։
«Կարևոր խնդիրը դպրոցական տարիքից աշակերտի մտքի և երևակայության թռիչքը տեսնելն է։ Փառատոնի աշխատանքները դիտարկելով՝ մենք տեսանք, թե ինչպիսի կրեատիվ մտքեր ունեն մեր դպրոցականները․ դա իսկապես տպավորիչ է։ Իհարկե, այս տարիքի երեխաներից գիտական լուրջ հայտնագործություններ և գիտական մտքի նորարարության ակնկալիքներ չենք կարող ունենալ, բայց աշակերտների սուր միտքն առօրյա խնդիրներում կիրառական դարձնելու առումով հետաքրքիր լուծումներ կարող ենք ստանալ։ Երբեմն ամենաբարդ խնդիրների լուծումներն անգամ կարելի է պարզ ձևակերպել։ Ներկայացված նախագծերից մի քանիսն ինձ համար լավ իմաստով շատ անսպասելի էին»,- նշել է Վահրամ Դումանյանը։
Նախարարը նկատել է, որ կային դպրոցներ, որոնք մի քանի նախագծեր էին ներկայացրել և ցանկություն հայտնել, որ հաջորդ փառատոնին մասնակից դպրոցների թիվն ավելի մեծ լինի։ Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախարարությունն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք կիրականացնի։
«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև դասախոսություններ, ցուցադրվել են գիտափորձեր։
Փառատոնում 4 անվանակարգերով (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն) ներկայացված հետազոտական նախագծերի գնահատումը կիրականացնի 12-հոգանոց մասնագիտական ժյուրին, որը ձևավորվել է Գիտության կոմիտեի կողմից և ընդգրկում է ոլորտային առաջատար գիտական կազմակերպությունների գիտաշխատողներին։
Հաղթողների անունները կհրապարակվեն առաջիկա օրերին: Հաղթող ճանաչված նախագծերն առցանց եղանակով կներկայացվեն ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ համադպրոցական գիտության փառատոն անցկացվել է 2021 թվականին, որի արդյունքում հաղթող ճանաչված 2 աշակերտական թիմերը նույն տարվա մայիսի 16-21-ը մասնակցել են Regeneron ISEF–2021 առցանց միջազգային մրցույթին:
«Քվանտ» վարժարանի կողմից ներկայացված «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» նախագիծը (Դավիթ Գյուլամիրյան, Ռոբերտ Սիմոնյան, Կարեն Ալեքսանյան, ղեկավար` Գրիգոր Աղաբաբյան) «Ներկառուցված համակարգ» («Embedded system») անվանակարգում արժանացել է 4-րդ կարգի մրցանակի` ստանալով 500 ԱՄՆ դոլար դրամական պարգև։