ԳլխավորԼուր

Ֆրանսիայի դեսպանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ֆրանկոֆոն ուսանողները հանդիպեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ, տեղեկացնում են ԵՊՀ-ից: Հանդիպման շրջանակում դեսպանը հանդես եկավ դասախոսությամբ, այնուհետև ամփոփվեցին Երևանի պետական համալսարանի և «SPFA» ֆրանսիական կազմակերպության գործակցությամբ կազմակերպված էսսեների մրցույթի արդյունքները:

«Եթե աշխարհի բոլոր երիտասարդները …» խորագրով էսսեների մրցույթը կազմակերպվել էր ֆրանսիական բարեգործական «SPFA» կազմակերպության և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համատեղ ջանքերով, «Nouvelles de Flandre» ամսագրի, «Richelieu International Europe» կազմակերպության և «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպության հովանավորությամբ:

ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, կարևորելով դեսպանի այցը ԵՊՀ, ինչպես նաև երկու երկրների բարեկամությունը և միմյանց մշակույթին ու լեզվին ծանոթ լինելու փաստը, նշեց, որ ֆրանսերենը գիտության, դիվանագիտության, փիլիսոփայության լեզու է, Եվրոպայի «մայրենի լեզուն», հետևաբար ֆրանսերենի համակողմանի ուսումնասիրումը կարևոր է և անհրաժեշտ:

«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Ֆրանսիայի հետ. ֆրանսիական մշակույթը, ֆրանսիացիները շատ հոգեհարազատ են մեզ։ Հայ-ֆրանսիական գործակցային կապերն ամուր են եղել դեռևս Կիլիկյան Հայաստանի գոյության ժամանակաշրջանում»,- ընդգծեց ֆակուլտետի դեկանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդես եկավ «Ֆրանս-հայկական արդի հարաբերություններն ու դրանց հեռանկարները» խորագրով դասախոսությամբ: Հիշելով հայ-ֆրանսիական հարաբերությունների դարավոր պատմությունը՝ դեսպանը նշեց, որ Հայաստանն այն բարեկամ երկիրն է, որին Ֆրանսիան մշտապես աջակցել է և այժմ էլ շարունակում է աջակցել տարբեր հարցերի շրջանակում: Դեսպանը ներկայացրեց երկու երկրների այժմյան հարաբերություններն ու գործակցության ընդլայնվող ոլորտները:

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, հետաքրքրված ուսանողներ և դասախոսներ:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ԵՊՀ-ում
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ԵՊՀ-ում

Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Ուսանողները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը միջազգային գործակցության, տարածաշրջանային խնդիրների, դեսպանների պարտականությունների, խնդիրների և լիազորությունների վերաբերյալ:

ԵՊՀ-ի և «SPFA» կազմակերպության գործակցությունն արդեն տասնամյակների պատմություն ունի. ուսանողների՝ ֆրանսերենի գիտելիքները հարստացնելու, ֆրանսիական մշակույթին և երկրին ծանոթանալու համար հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, քննարկումներ և հանդիպումներ:

Արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպվում է էսսեների հանրապետական մրցույթ, որին մասնակցում են նաև ԵՊՀ ուսանողները:

«Էսսեների մրցույթն ավելի հետաքրիքր է, քանի որ մասնակցիներն առավել ազատ են, և չկան պատնեշներ: Հովանավորները բարձր են գնահատում մասնակիցների աշխատանքը՝ նկատի ունենալով թե՛ էսսեների գաղափարը, թե՛ լեզվական բարձր մակարդակը»,- մատնանշեց մրցույթի կազմակերպիչ, ԵՊՀ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վարդուհի Պետրոսյանը:

«Ֆրանսերենը իմ ամենօրյա կյանքում», «Այդ թանկ բառը՝ խաղաղություն», «Եթե աշխարհի բոլոր երիտասարդները ․․․». վերջին տարիների էսսների մրցույթի խորագրերն են։ ԵՊՀ ուսանողները մրցույթում մշտապես զբաղեցրել են առաջատար հորիզոնականներ:

Վարդուհի Պետրոսյանն առանձնացրեց հատկապես «Այդ թանկ բառը՝ խաղաղություն» մրցույթի արդյունքները, երբ մրցանակային երեք տեղերն էլ զբաղեցրել են ԵՊՀ ուսանողները: Նրանց էսսեները 2022 թ. տպագրվել են բելգիական «Nouvelles de Flandre» ամսագրում:

Այս անգամ «Եթե աշխարհի բոլոր երիտասարդները …» խորագրով էսսեների մրցույթի հաղթողներից երկուսը ԵՊՀ ուսանողներ էին, մեկը՝ Գորիսի Ա. Բակունցի անվան №1 ավագ դպրոցի աշակերտ:

ԵՊՀ ֆրանկոֆոն ուսանողները
ԵՊՀ ֆրանկոֆոն ուսանողները

Առաջին կարգի մրցանակակիր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսի ուսանող Նարե Հարությունյանը պատմեց, որ էսսեների մրցույթին մասնակցելը ինքնադրսևորվելու, ներքին խոհերն ու զգացմունքները մարդկանց հետ կիսելու լավ հնարավորություն էր։

«Սա միգուցե փոքրիկ հաջողություն էր, բայց ես այն շատ եմ կարևորում, քանի որ այս հաղթանակը ոգևորիչ ուժ է առաջ շարժվելու, ֆրանսերենը կատարելագործելու և ավելիին հասնելու համար»,- նշեց Նարեն:

Առաջին կարգի մրցանակի արժանացած էսսեում ներկայացվում է երևակայական մի աշխարհ, որտեղ ընթերցողը հրավիրվում է փոքրիկ ճամփորդության՝ այդպիսով հնարավորություն ստանալով «այցելելու» մարդկանց սրտեր, ծանոթանալու նրանց ցանկություններին ու ձգտումներին: Էսսեի գլխավոր ուղերձը պատկերանում է աշխարհի բոլոր ծագերից տեսանելի «պատերազմին հաղթելու համար» կառուցված հուշակոթողի տեսքով:

Նարեն իր էսսեում գրել է.

«Նայի՛ր, հիմա մենք գտնվում ենք աշխարհի հրապարակում, այստեղից դու կարող ես հայտնվել մոլորակի ցանկացած ծայրում և տեսնել, թե ինչ է թաքնված յուրաքանչյուրի սրտում։ Արի՛ այցելենք յուրաքանչյուր երիտասարդի սիրտ. զգու՞մ ես՝ այդ սրտերը զերծ են  խավարից, նրանք այլևս չեն վազում փառամոլության հետևից, նրանք անտարբեր և անզգա չեն, նրանց համար այլևս առաջնային չէ միայն անձնական հաջողությունը, նրանք երջանիկ են այն դեպքում, երբ երջանիկ են բոլորը. նրանք «ուրիշ» են:

… Հեռվում ահա երևում է հուշակոթողը. այն կառուցել են այնպես, որ երևա աշխարհի յուրաքանչյուր վայրում, այն կառուցվել է երիտասարդության կողմից՝ ի նշան իրենց ամենանշանավոր հաղթանակի։ Չես հավատա, ընկե՛րս, բայց նրանք հաղթել են պատերազմին. պատկերացնու՞մ ես, վերջապես մարդկային սերունդներից մեկը բավարար քաջություն և  համարձակություն ունեցավ պատերազմին մարտահրավեր նետելու։

Ընկե՛րս, գիտեմ՝ ես խոստացել էի ձեռքդ բաց չթողնել, բայց այստեղ՝ երևակայական աշխարհի հրապարակում, ես լքում եմ քեզ։ Ես քեզ հետ չեմ վերադառնա, ես ատում եմ քո աշխարհը, ես հրաժարվում եմ նրանից և գերադասում եմ ապրել երևակայականում։ Բայց դու գնա՛, ի՛մ ընկեր, գնա՛, ապրի՛ր իրականության մեջ՝ իմանալով, որ այն կարող էր լինել ոչ այդպիսին, գնա՛ և հիշի՛ր, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե երիտասարդներն ամբողջ աշխարհում ձգտեին կրել  երևակայական աշխարհի երիտասարդների արժեքները …»: