ԳլխավորԼուր

«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ». աշխարհում առաջին կրթական ծրագիրը՝ Պոլիտեխնիկում

«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ». աշխարհում առաջին կրթական ծրագիրը՝ Պոլիտեխնիկում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Web3 Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ ապրիլի 16-ին ազդարարել է «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ աշխարհում առաջին կրթական ծրագիրը (բակալավրիատ):

Միջոցառմանը ներկա  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խոսելով ծրագրի բովանդակության մասին նշել է՝ ծրագիրը հայտարարվել է 2 բաղադրիչով՝ արհեստական բանականության և բլոկչեյնի ուսուցման: Առաջին մասը 150 մասնագետի վերապատրաստում էր իրականացրել, բլոկչեյնով՝ 100 մասնագետի:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն էլ իր ելույթում նշել է.

«Հայաստանում, մասնագիտական կյանքում շատ դժվար է ասել առաջինն ենք աշխարհում: Բայց Պոլիտեխնիկական համալսարանը, լիազոր մարմնի՝ ԲՏԱ նախարարության և հիմնադրամի հետ մենք այսօր արձանագրում ենք, որ Հայաստանը կարող է կրթական ոլորտում, մասնագիտական շատ ուղղություններում լինել առաջամարտիկը: Աշխարհում տարբեր բուհեր իրականացնում են սերտիֆիկացման կարճաժամկետ ծրագրեր Web3 տեխնոլոգիաների ուղղությամբ: Բայց դիպլոմավորված մասնագետների պատրաստման ծրագրեր դեռևս առկա չեն և մեր մասնագիտական համայնքի խորը համոզմամբ կա պահանջ Web3 տեխնոլոգիաների ուղղությամբ իրականացնել մասնագիտական կրթություն, որովհետև Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում կան մեծ հաջողություններ, որը չենք կարող ասել շատ այլ պետությունների համար»:

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյան

ՀԱՊՀ ռեկտորը վստահություն է հայտնել, որ հաջորդ միջոցառումները նվիրված են լինելու արդյունքների գնահատմանը:

«Պոլիտեխնիկն այժմ գտվում է միջազգային և ինստիտուցիոնալ ծրագրային հավատարմագրման գործընթացներում: Մենք առաջիկայում հայտ կներկայացնենք, որպեսզի այս կրթական ծրագիրը անցնի միջազգային հավատարմագրում: Սա լավ օրինակ է այն տեսակետից, որ կրթական ծրագրի ղեկավարը լինելու է մասնավոր համայնքից: Եվս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեզ, շնորհակալություն եմ հայտնում նախարարությանը մասնագիտական աջակցության համար և վստահ եմ, որ այն ծրագրերը և գաղափարները, ինչի մասին խոսեց նախարարը, կիրառական արդյունքներ կունենան ապագայում»,- եզրափակել է Գոռ Վարդանյանը:

Արդեն սեպտեմբերին Պոլիտեխնիկն ընդունելություն կկազմակերպի «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» կրթական ծրագրով: