ԳլխավորԼուր

Տեղեկատվական օր՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

Մարտի 2-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց տեղեկատվական օր՝ «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (TACEESM) խորագրով, որն իրականացվում է Erasmus+ նախագծի շրջանակներում։

Հանդիպման նպատակն էր համալսարանի և այլ շահակիցների լայն լսարանին ներկայացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող 16 գործընկեր համալսարանների և կազմակերպությունների կողմից իրականացվող TACEESM Erasmus+ նախագծի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները:

ՀԱՊՀ-ն որպես շահառու հանդես է գալիս ի դեմ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի՝ հիմք ընդունելով «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտությունը և մասնաճյուղի սերտ համագործակցությունը «Արխիդաչ» հոլանդական ընկերության հետ։

TACEESM Erasmus+ ծրագրի շրջանակներում նախատեսվում են «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մեկական առարկաների ծրագրային փոփոխություն՝ հաշվի առնելով գործատուների առաջարկները։

Մասնաճյուղի աշակերտներին, ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին ողջունեց ՀԱՊՀ միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ով նաև պատասխանեց ուսանողների հարցերին, թե ինչպես կարելի է ընդգրկվել միջազգային ծրագրերում, և ինչ չափորոշիչներ են պետք վերջինիս դիմելու համար։

ՀԱՊՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գևորգ Մարգարովը հանգամանալից ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, սպասվող ակնկալիքները և խոսեց մասնաճյուղի ներգրավվածության կարևորության մասին։

Հանդիպման ընթացքում ներկաներին ողջունեց նաև Թվային տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուբեն Աղգաշյանը նշելով, որ ծրագրի նպատակներից մեկը ճարտարապետական և քաղաքաշինական ոլորտում գործող կրթական ծրագրերի վերափոխումն է՝ ուղղված արդի կայուն մոդելների ձևավորմանը: