ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցել են Բյուրականյան 2-րդ ամառային դպրոցին

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցել են Բյուրականյան 2-րդ ամառային դպրոցին

2025թ. հուլիսի 20-26-ը Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) կայացավ ճարտարագետների համար Բյուրականյան երկրորդ ամառային դպրոցը (2BSSE), որը նախատեսված էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։

Ծրագրի նպատակն էր համախմբել տարբեր ոլորտների երիտասարդ ճարտարագետների՝ հնարավորություն տալով նրանց խորությամբ ծանոթանալու աստղագիտական գործիքների կառուցվածքին, դիտողական տեխնոլոգիաներին, ինչպես նաև կիրառական աստղագիտության ոլորտում կուտակված մասնագիտական փորձին։

Դասընթացի մասնակիցները ստացան ոչ միայն տեսական գիտելիքներ աստղադիտարանների տեխնիկական ներուժի, աստղագետների գործիքների (դիտակներ, սպեկտրագրեր, լուսաընդունիչներ) վերաբերյալ, այլև մասնակցեցին գործնական հագեցած պարապմունքների՝ աշխատելով ԲԱ խոշորագույն՝ 2.6մ, ինչպես նաև Շմիդտի համակարգի 1մ աստղադիտակներով։

Երեկոյան կազմակերպվեցին գիշերային աստղադիտումներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ հետևել երկնային մարմինների շարժին։

Դասախոսություններով հանդես եկան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, փոխտնօրեն Հայկ Աբրահամյանը, ինչպես նաև ինժեներներ Ալեքսեյ Գրավեն և Աշոտ Պետրոսյանը։

Դպրոցի շրջանակում իրենց փորձով կիսվեցին նաև Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնի (ՆՀԽԿ, CIPR) մասնագետները՝ ներկայացնելով տիեզերական սարքաշինության արդի մոտեցումներ։

Բացի գիտական և տեխնիկական բաղադրիչից, դպրոցն ընդգրկում էր մշակութային հարուստ ծրագիր․ մասնակիցները շրջեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, ինչպես նաև այցելեցին Տեղերի վանք, Ամբերդ ամրոց և Հայոց տառերի պուրակ, միավորելով գիտական կրթությունը մշակութային ժառանգության ճանաչողության հետ։

Դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, փաստելով նրանց հաջող մասնակցությունը ԲԱ կողմից կազմակերպվող հերթական կրթական ծրագրին։

2BSSE-ը դարձավ հարթակ, որտեղ հանդիպեցին գիտությունը, ճարտարագիտությունը և երիտասարդության հետաքրքրասիրությունը՝ Բյուրականի աստղադիտարանի եզակի միջավայրում։