«Գաղափարից մինչև բիզնես»․ դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հանդիպել է պոլիտեխնիկական համայնքի հետ՝ հանդիպում – քննարկում ձևաչափով, տեղեկանում ենք բուհի կայք-էջից։
«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի առավելությունները փոխնախարարը ներկայացրեց մանրամասն՝ առաջնային համարելով ուսանողների ներգրավվածությունը։
Դավիթ Սահակյանի համոզմամբ, ծրագրի հիմնական շահառուները պետք է լինեն հենց երիտասարդները։ Դրամաշնորհային ծրագիրը նոր հնարավորություն է ուսանողների համար, որոնք ձգտում են իրականացնել նորարար գաղափարներ։
Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի բացի ընկերություններից կարող են մասնակցել նաև ֆիզիկական անձինք՝ անհատները, ինչպես նաև դիմորդները:
Ծրագրի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում, ինչպես նաև խթանել տեխնոլոգիական ընկերությունների ստեղծմանը, որոնք կունենան գիտական հիմքով լուծումներ և կլինեն մրցունակ գլոբալ շուկաներում:
Դավիթ Սահակյանը ուսանողներին ծանոթացրեց տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման և զարգացման արժեշղթայի, ինչպես նաև գաղափարից բիզնես ճանապարհի հետ։
Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա»: Երկու բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 350 մլն ՀՀ դրամ:
Ուսանողները ամբողջական տեղեկություն ստացան մրցույթի անցկացման եղանակի, հայտի փաթեթի, գնահատման փուլերի և գնահատման չափոփոշիչների մասին։
Փոխնախարարը ամփոփիչ խոսքում նշեց, որ արդյունավետ, համատեղ գործակցության շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել նոր գաղափարներ և օգնել ուսանողներին գաղափարները բիզնեսի վերածելու գործում: