ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկում ընտրել են ուսխորհրդի նախագահ և գիտխորհրդի ուսանող անդամներ

Պոլիտեխնիկում ընտրել են ուսխորհրդի նախագահ և գիտխորհրդի ուսանող անդամներ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովը ամփոփել է 2021-2023 թվականների աշխատանքը: Վերջին տարիներին կառույցը ղեկավարած Միքայել Մարտիրոսյանը հաշվետվությունում նշել է գործունեության հիմնական ուղղությունները.

  • Գիտական և կրթական,
  • Մշակութային,
  • Ինտելեկտուալ,
  • Ռազմահայրենասիական և սպորտային,
  • Հասարակական։

Բացի նշվածներից, որոնցից յուրաքանչյուրը բազմաբնույթ միջոցառումների ամբողջություն է, իրականացվել են նաև խոշորամասշտաբ նախագծեր։ Պոլիտեխնիկցիների կյանքում հատուկ դեր ունի «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքը, Եռագույնը խորհրդանշող երեք ճակատ, մեկ կարգախոս՝ հզոր ենք, երբ միասին ենք, թվով 8 անգամ կյանքի է կոչվել Պոլիտեխնիկի «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքը, ամեն տարի իր շուրջը համախմբելով ավելի քան 200 ուսանող:

ՀԱՊՀ-ի ուսանողները, վարչական ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները բարձր են գնահատել Ուսանողական խորհրդի աշխատանքը: Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանը մասնավորապես ընդգծել է, որ գործող ուսանողական խորհրդին բաժին ընկավ բարդագույն մի ժամանակահատված՝ 44-օրյա պատերազմից հետո, որին գումարվեց Արցախի հայաթափումը, և Պոլիտեխնիկի Ուսանողական խորհուրդը պատվով կատարեց իր առաքելությունը:

Փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների 58 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ Ուսանողական խորհրդի նոր նախագահ ընտրվեց Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ֆակուլտետի ուսանող Ալեն Գրիգորյանը։

Ընտրվել են նաև գիտական խորհրդի նոր ուսանող անդամներ։