ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկում բացվել են գրաֆիկական դիզայնի մասնագիտական լսարաններ

Լսարան՝ Պոլիտեխնիկում

Փետրվարի 8-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկա մեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնում տեղի ունեցավ գրաֆիկական դիզայնի մասնագիտական երկու լսարանների բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Ռեկտոր Գ. Վարդանյանը ողջունելով ներկաներին մասնագիտական լսարանի բացման կապակցությամբ, ընդգծեց որ ծրագիրը պիլոտային է և առաջիկայում ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինվելու են նոր մասնագիտական լսարաններ։

«Ցանկանում եմ նշել, որ այս լսարանում առկա է ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի պահանջներին համապատասխան համակարգչային տեխնիկա և ծրագրային միջոցներ, որը կօգնի մեր մասնագետներին և ուսանողներին առավել արդյունավետ ու որակյալ կազմակերպել ուսումնական գործընթացը։ Հուսով եմ, որ առաջիկայում ամբիոնի անձնակազմի և ուսանողների հետ համատեղ հանդես կգանք նոր նախաձեռնություններով և կունենանք այն արդյունքը, որը անհրաժեշտ է որակյալ և ժամանակակից կրթության համար»,- նշեց ռեկտորը։

Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի վարիչ Կ․ Թումանյանը շնորհակալություն հայտնելով ժամանակակից սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ հագեցած լսարանների բացման կապակցությամբ, նշեց, որ ամբիոնը սպասարկում է ողջ համալսարանը և հանդիսանում է թողարկող ամբիոն, իսկ նորագույն սարքավորումներով համալրումը թույլ է տալիս ուսանողների հետ աշխատել առավել արդյունավետ։

Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի մասնագիտական երկու նոր լսարանները համալրվել են վերջին սերնդի տեխնիկական միջոցներով՝ շուրջ երկու տասնյակ գերհզոր, գրաֆիկական ծրագրերի համար նախատեսված համակարգիչներով։