ԳլխավորԼուրԿրթություն

«Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիր՝ Գյումրիում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղում տեղի է ունեցել Հայ կրթական հիմնարկության, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագրի ներկայացումը։

Հատուկ լսարանի և լաբորատորիայի բացումով տրվել է դասերի մեկնարկը:

Լավագույն ինժեներական փորձը առաջատար ընկերությունների մասնագետները շիրակցի պատանիներին կբերեն, որպեսզի ապրելով իրենց համայնքում՝ ուսանողները Շիրակում շարունակեն բուհական կրթությունը։ 2 տարի մարզի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները հիմնարար գիտելիք և փորձ կստանան ծրագրային ճարտարագիտություն, մեքենայական ուսուցում, մեքենաշինություն, 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում, էլեկտրատեխնիկա, էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում և իրականացում, արտադրանքի մշակում, նախագծերի կառավարում, թիմային աշխատանք ուղղություններում:

Ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների մոտ՝ տրամադրելով արդիական և մրցունակ ինժեներական հմտություններ: Ծրագրին մասնակցելու հետաքրքրություն է ցուցաբերել 144 աշակերտ, թեստավորման արդյունքում նրանցից ընտրվել է 50-ը (37 տղա, 13 աղջիկ): Ծրագիրն այժմ պիլոտային է և դեռ միայն Գյումրիում։

«Հայ Կրթական հիմնարկության հետ պատերազմական իրավիճակից հետո քննարկում էինք ներդրումներն ուղղորդելու հարցերը: Երկուստեք եկանք այն համաձայնությանը, որ առավել կարևոր է ավագ դպրոցում հիմք դնել ինժեներական կրթությանը: Ծրագիրը հատկապես կարևոր է տղաների համար, քանի որ վերջիններս, ավարտելով դպրոցը, այլևս ժամանակ չեն ունենում համալսարանական կրթության համար և անմիջապես գնում են զինվորական ծառայության: Մյուս կողմից բանակում ևս կկարողանան այս գիտելիքներն օգտագործել հայրենիքի ծառայությանը»,- բացման արարողությանն ընդգծել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը նշել է, որ իրենք ուրախ են մաս կազմել այդ կարևորագույն ծրագրին:

«Մեր գործակցությունը ԳՏՏԿ-ի հետ սկսվել է դեռ 2010 թվականից: Շատ ուրախ ենք, որ աշակերտների համար այս ծրագիրը հիմք կդառնա, որ երիտասարդներն ուսումը շարունակեն մեր հայրենիքի համար առաջնահերթ մասնագիտություններով: Բոլոր աշակերտներին հաջողություն եմ մաղթում»,- ասել է Բաղդասարյանը:

Comment here