ԳլխավորԼուր

Հայաստանում մեկ դասախոսին բաժին ընկնող ուսանողների թիվը բավականին ցածր է

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում կայացած հանդիպումից հետո այցելել է նաև ՀՀ պետական բուհերի՝ Գյումրիում գործող մասնաճյուղեր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարի տեղակալն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը եղել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող կրթական ծրագրերը և առանցքային խնդիրները:

QR գրադարան և բիզնես միջավայր ՀՊՏՀ մարզային մասնաճյուղում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը նախարարի տեղակալին ներկայացրել է բուհում մշակված «Կրթության 7Մ-երի» մեթոդը, որը հիմնվում է սովորողների մոտիվացիայի, միջավայրի բարելավման, ձևավորված կրթական մշակույթի, աշխատանքային նոր միջոցների ներգրավման և միջազգային ինտեգրացիայի խթանման վրա: Նշվել է, որ մասնաճյուղում սովորում է շուրջ 400 ուսանող` առկա և հեռակա բաժիններում: Նախարարության ներկայացուցիչները շրջայց են կատարել բուհում, ծանոթացել նորաբաց QR գրադարանին և ուսանողական բիզնես միջավայրին, որը նախատեսված է ուսումնական պրակտիկայի կազմակերպման համար։

Մեկ դասախոսին բաժին ընկնող ուսանողների միջին թիվը մտահոգիչ է

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Տիգրան Պետրոսյանը, ներկայացնելով բուհի խնդիրները, նշել է, որ առաջնայինը շենքային պայմանների բարելավումն է, որի համար լուրջ ներդրումներ են պահանջվում: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը փաստել է, որ այժմ քննարկվում է ներդրումային ծրագրի միջոցով կրթական պայմանների բարելավման ճանապարհներ գտնելու հարցը, կան նաև կոնկրետ առաջարկներ: Որպես խնդիր նշվել է նաև, որ պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում դասախոսների միջին տարիքը 54 է, ինչը մտահոգիչ է, քանի որ երիտասարդներին դասախոսական աշխատանքի հեռանկարը (հատկապես ինժեներության ասպարեզում) չի հրապուրում:

Անդրադառնալով բուհերի ֆինանսավորման վիճակի և դասախոսների աշխատավարձերի բարելավման հարցերին` Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բուհերի կառուցվածքի և ֆինանսավորման գործող մոդելը չի ապահովում զարգացում:

«Խնդիրը ոչ միայն ֆինանսների սղությունն է, այլև դրանց արդյունավետ օգտագործումը: Այդ մասին է վկայում դասախոս-ուսանող հարաբերակցության ցուցանիշը, որի բարելավման համար պետությունը բարձրագույն կրթության ոլորտում վաղ թե ուշ ստիպված է լինելու գնալ խոշորացումների»,- նշել է նա:

Կարեն Թռչունյանի խոսքով` Հայաստանում մեկ դասախոսին բաժին ընկնող ուսանողների թիվը բավականին ցածր է` ի համեմատություն միջազգայնորեն ընդունված նորմատիվների:

Արվեստի կրթության ֆինանսավորումն առանձնահատուկ մոտեցում է պահանջում

Արվեստի բուհերի Գյումրու մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նույնպես արծարծվել են շենքային պայմանների, տեխնիկական բազայի և աշխատավարձերի բարձրացման հարցերը: Փոխնախարար Կարեն Թռչունյանը նշել է, որ սովորաբար բուհի ֆինանսավորումը կատարվում է՝ ըստ դասախոսների և ուսանողների թվաբանական հարաբերակցության, սակայն արվեստի բուհերի դեպքում այդ մոդելը կիրառելի չէ` հաշվի առնելով արվեստի կրթության առանձնահատկությունները:

«Արվեստի դեպքում ֆինանսավորումը պետք է կատարել՝ ըստ մասնագիտությունների»,- փաստել է Կարեն Թռչունյանը:

Արվեստի բուհերը Գյումրիում տեղակայված են մեկ շենքում․ դրանք չունեն սպորտային դահլիճ, համերգային և թատերական դահլիճն ընդհանուր է, որը ճիշտ չէ, քանի որ առաջանում է ակուստիկայի խնդիր: Հաշվի առնելով, որ մասնաճյուղերում ուսման վարձն ավելի ցածր է, քան նույն բուհերի երևանյան գլխամասերում, այժմ ստեղծված է մի վիճակ, երբ պետությունն արվեստի կրթության համար մեկ ուսանողի հաշվով ավելի շատ է վճարում, քան սահմանված վարձավճարն է:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մարզային այցերը լինելու են շարունակական:

Comment here