ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում անցկացվել է «Learning Tech» գիտաժողովը

ԵՊՀ մեծ դահլիճում անցկացվել է «Learning Tech» խորագրով գիտաժողովը՝ միավորելով ՏՏ ոլորտով հետաքրքրվածներին, ներկա ու ապագա մասնագետներին:

«Learning Tech» գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ գործընկեր «HelpSystems-Armenia» ծրագրային ապահովման միջազգային ընկերության կողմից, միտված էր ուղղորդելու և ոգեշնչելու ՏՏ ոլորտի սկսնակներին, ուսանողներին ու մասնագետներին, որոնք ցանկանում են իրենց գործունեությունը ծավալել այս ոլորտում:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը՝ վստահեցնելով, որ համալսարանում շարունակվում են իրականացվել մի շարք կրթական և հետազոտական ծրագրեր. «Մասնա­վորապես՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում գործում է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է նպաստել ՏՏ ոլորտում գիտելիքների ձեռքբերմանն ու անձնային աճին»։

Գիտաժողովին ՏՏ ոլորտի ավելի քան 20 փորձագետներ հանդես են եկել ելույթներով, պատասխանել հարցերին: Անցկացվել են նաև պանելային քննարկումներ: Մասնակիցները ստացել են իրենց հարցերի պատասխանները, ծանոթացել ՏՏ ոլորտի ընձեռած հնարավորություններին և հաջողության հասնելու ճանապարհներին: