ԳլխավորԼուր

Արցախյան երկրորդ պատերազմից հետո պետք է վերաիմաստավորել ամեն ինչ. Վալտեր Բերբերյան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ու մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրանտ Վալտեր Բերբերյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, տեղեկացնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից։

— Դուք երկրորդ անգամ ճանաչվում եք տարվա լավագույն ուսանող: Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար:

— Քչերին է հաջողվում հաղթել «Լավագույն ուսանող» մրցույթում երկու անգամ և այն էլ՝ 1-ին տեղ: Ես լավագույնն եմ ճանաչվել և՛ բակալավրի, և՛ մագիստրոսի կրթական ծրագրով:

Անչափ կարևորում եմ այս մրցույթը, այն, ըստ էության, դրական արժևորումն է իրականացրածս գործունեության, ունի խթանիչ բնույթ և ինձ մղում է հաջորդ հաջող գործունեության:

Պարբերաբար լավագույն դառնալու համար հարկավոր է ունենալ հետաքրքրությունների լայն շրջանակ:

Այս ընթացքում հասցրել եմ մասնակցել հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, տարաբնույթ սեմինարների, տպագրել եմ գիտական աշխատանքներ, հոդվածներ հայաստանյան և օտարերկրյա պարբերականներում, ամսագրերում, մագիստրոսական կրթական ծրագրերիս համընթաց նաև սովորել եմ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում, աշխատել եմ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

Ինչպես Սթիվ Ջոբսն էր նշում՝ միայն մի միջոց կա մեծ աշխատանք կատարելու համար՝ սիրել այն։

Ես սիրում եմ իմ մասնագիտությունները (չնայած, որ դրանք չեն արժևորվում այսօր), միշտ փորձում եմ լինել այդ բնագավառում, կյանքում ամեն ինչ անում եմ մանկական ոգևորությամբ և հաճույքով: Առաջինը նպատակ եմ գտնում, քանի որ միջոցները, այսպես թե այնպես, կգտնվեն:

Գուցե հետագայում համալրեմ բանասեր քաղաքական գործիչների շարքը (Նարինե Դիլբարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան…) և զբաղվեմ կրթական քաղաքականությամբ:

— Ինչպե՞ս գտնել այդ հավասարակշռությունը գիտելիքի ձեռքբերման հին ու նոր մոտեցումների, կրթական համակարգի միջև:

— Իրականում նախկինում մարդիկ ձեռք էին բերում որոշակի գիտելիքներ, հմտություններ և տևական ժամանակ դրանք կիրառում։

Այսօր դա հնարավոր չէ։ Ամեն ինչ շատ արագ է զարգանում, փոխվում, և մարդիկ միշտ պետք է ժամանակի հետ քայլեն: Ակնհայտ ճշմարտություն է, որ եթե միջավայրը փոխվում է, իսկ մարդկանց մեծ մասը չի փոխվում, ապա նոր իրականության և հասարակության մեծ մասի միջև առաջանում է անհամարժեքություն։

Մենք, կարծես, շատ մնացինք անցյալում, հնին նվիրական և չսովորեցինք նաև համակերպվել, այսօր ցանկացած նոր բան, ռեֆորմ, ինովացիա մեզ թվում է խորթ: Ակնհայտ է, որ եթե այսպես մնա ներկա կրթական համակարգը, ապա վաղը քաղելու ոչ մի պտուղ չենք ունենա:

Առաջավոր երկրները՝ Ֆինլանդիան, Սինգապուրը, Հարավային Կորեան…, լավագույն շրջանավարտներին բերում են կրթական համակարգ և մեծ արդյունքներ գրանցում: Մեզանում, ցավոք, այդպես չէ, մեր կրթական համակարգում քաոսային վիճակ է, չկա կայունություն:

Մենք երբեք չենք խոսում նաև կրթության որակի մասին, որակյալ կրթության մասին, կան որակի համաեվրոպական սահմանումներ, գնահատման մոդելներ, մոտեցումներ…:

Հավելեմ, որ տարբեր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետխորհրդային երկրներում ուսանողի առաջադիմության ցուցանիշներն ավելի ցածր են, քան Եվրոպայում սովորող ուսանողինը: Սա, անշուշտ, կապված է որակի ապահովման և վերահսկողության հետ:

 Ձեր կարծիքով, ինչպիսի՞ առավելությամբ են օժտված հումանիտար գիտությունները:

— Այսօր հասարակության մեջ ավելի շատ գնահատվում են բնագիտական ոլորտի հաջողությունները, իսկ հումանիտար ոլորտը, ցավալիորեն նաև հայագիտությունը, կարծես, հետին պլան է մղվել:

Հումանիտար գիտությունների, մասնավորաբար հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը գնալով նվազում է, բայց սա իրականում հենց այն բնագավառն է, որը քեզ կարող է տանել անդին ռոբոտացումից, ռոբոտային կյանքից:

Վերջերս իմացա, որ Օքսֆորդի համալսարանում անցկացվել են հետազոտություններ, ըստ որոնց՝ քսան տարի հետո մարդու կողմից կատարվող աշխատանքների 47%-ը մեքենայացվելու է։ Այս փաստն ինձ լուրջ մտահոգեց, և լիահույս եմ, որ մտածելու տեղիք կտա յուրաքանչյուր բանական մարդու: Ի վերջո ի՞նչ պետք է անենք մենք, որ փրկենք այս իրավիճակը, ինչպե՞ս խույս տանք մարդ-մեքենա դառնալու վտանգից:

… Բոլորս էլ գիտակցում ենք, որ Հայաստանն այժմ լրջագույն ճգնաժամի միջով է անցնում: Ինչպե՞ս եք պատկերացնում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները:

— Հայը ի վերջո պիտի հասկանա, որ իր ապագան այստեղ է:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո պետք է վերաիմաստավորել ամեն ինչ. հակառակ դեպքում մոտ է կործանումը: Խորհուրդ կտամ կարդալ լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածը և պատմությանը նայել այլ դիտանկյունից:

Սպասում եմ ԵՊՀ լավագույն նախաձեռնությանը՝ «Հերոսապատում» հանրագիտարանային շարքի լույսընծայմանը, որում ներկայացվելու են Արցախյան երկրորդ պատերազմում հերոսացած տղաների կատարած սխրանքները, կենսագրությունը, հուշերը, պատմությունները։

Շուտով նաև լույս կտեսնի իմ առաջին գիրքը, որը ևս նվիրվելու է համալսարանական հերոսներին:

Այժմ պատրաստվում եմ ասպիրանտուրա ընդունվել: Լիահույս եմ, որ հետագայում կդասավանդեմ նաև ԵՊՀ-ում:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here