ԳլխավորԼուրԿրթություն

ԵՊՀ-ն առաջատար է 2023-2024 ուստարվա դիմորդների թվով

Երևանի պետական համալսարանը բակալավրիատի 2023-2024 ուստարվա ընդունելության դիմորդների թվով կրկին առաջատար է հայաստանյան, իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ մարզային բուհերի շարքում։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«Բակալավրի 59 կրթական ծրագրերի հայտարարված 2461 տեղի համար ընդունելության առաջին փուլով մենք ունենք 3159 դիմորդ։ Ընդ որում՝ անցյալ տարի ընդունելության առաջին փուլով մենք ունեցել ենք 2873 դիմորդ, այսինքն՝ այս տարի դիմումներն ավելացել են գրեթե 10 տոկոսով։

Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ ավելի մեծ թվով դիմորդներ ունեցող կրթական ծրագրերի շարքում են նաև այն 6 ծրագրերը, որոնց դեպքում սահմանված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք։

Սա վստահաբար պայմանավորված է դիմորդների շրջանում պետության սահմանած առաջնահերթությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև հետագայում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու վստահությամբ։

Հաջողություն եմ մաղթում մեր բոլոր դիմորդներին։ Մենք սպասում ենք ձեզ Երևանի պետական համալսարանում»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 3124 տեղ: Պահուստային տեղերի քանակը՝ 115: Վճարովի տեղերի թիվը 16.300 է նախորդ տարվա 22.300-ի փոխարեն։

Այս պահի դրությամբ (հայտագրման հիմնական փուլն ավարտվել է մայիսի 10-ին – խմբ.) կա 14300  դիմորդ 19 539 տեղի համար։