ԳլխավորԼուր

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը նոր ռեկտոր ունի

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը նոր ռեկտոր ունի` պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, որն ընտրվել է մայիսի 12-ին համալսարանի ընդհանուր ժողովում։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։

«ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել են ռեկտորի պաշտոնում: Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի մեկ այլ թեկնածու, փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի՝ մայիսի 5-ին նախատեսված ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվել էին։

Նշենք, որ գործող ընթացակարգի համաձայն՝ ՀՌՀ-ի կոնֆերանսի կողմից ընտրված ռեկտորին պետք է հաստատեն համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրները։

Հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը` հաստատել Էդվարդ Սանդոյանի ընտրության արդյունքները։

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն հայտնել էր, որ մայիսի 14-ին լրանում է իր՝ որպես Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի լիազորությունների ժամկետը, սակայն հիմնադիրների կողմից աջակցություն չի ստացել՝ ևս հինգ տարի ժամկետով վերընտրվելու համար։

Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի մասին համաձայնագրի նախագծին։

ՌԴ կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել է բանակցություններ վարել հայկական կողմի հետ և պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո համաձայնագիր ստորագրել ռուսական կառավարության անունից: