ԳլխավորԼուր

«Թող անհամեստ չհնչի, բայց լուրջ կենսագրություն ունեմ». ո՞վ է Թատերականի ռեկտորի թեկնածուն

Սառա Նալբանդյան

Բուհի միջազգայնացում, դասավանդման մեթոդների նորացում, հնացած գրականության փոխարինում` նորով. ահա այն առաջնահերթությունները, որոնք իր ծրագրում նախանշել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թեկնածու Սառա Նալբանդյանը: Նա նախկինում եղել է բուհի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու է, սցենարիստ և թատերագետ: Usanogh.am-ի հետ զրույցում Սառա Նալբանդյանը նշեց, որ օրեր առաջ հանդիպում է ունեցել ինստիտուտի ուսանողների հետ, և շատերը հայտնել են իրենց աջակցությունը:

Usanogh.am-ն արդեն ներկայացրել է ռեկտորի մյուս թեկնածուի` Հասմիկ Իսրայելյանի հետ զրույցը: Նա արդեն 25 տարի է` դասավանդում է բուհում: Մեր դիտարկմանը, թե գուցե անհավասար պայմաններ են ստեղծվել թեկնածուների միջև, քանի որ Իսրայելյանը բուհի ներսում է, իսկ ինքը` դրսում, Սառա Նալբանդյանը պատասխանեց. «Կարող է այդպիսի տպավորություն լինել, բայց նման բան չկա: Թող անհամեստ չհնչի, բայց ես լուրջ կենսագրություն ունեմ, այնպես որ՝ նման խնդիր չեմ տեսնում»:

Անդրադառնալով բուհի հետ կապված իր ծրագրերին` Սառա Նալբանդյանը նախ խոսեց արխայիկ գրականությունը նորով փոխարինելու անհրաժեշտության մասին. «Նոր գրքեր են պետք, օրինակ, թատրոնի կամ կինոյի պատմության մասին, պարզապես չեն թարգմանվում: Մինչդեռ հարկավոր են նոր թարգմանություններ, հատկապես` անգլերենից»:

Մյուս խնդիրը, որ իր առջև դրել է ռեկտորի թեկնածուն, բուհի միջազգայնացումն է: Նրա խոսքով` Թատերական ինստիտուտն իր միջազգային կապերը զարգացնում է հիմնականում մեկ համակարգում` «Էրազմուս պլյուսի» մասին է խոսքը, մինչդեռ հարկավոր է ընդլայնել համակարգերի ցանկը:

Հրատապ լուծման ենթակա խնդիրներից են հրաժարումը դասավանդման հին մեթոդներից, օտար լեզուների, հատկապես` անգլերենի և ֆրանսերենի` բարձր որակով ուսուցումը բուհում. «Ֆրանկոֆոն մշակույթը համազոր է ռուսականին, մեզ շատ բան կարող է տալ ֆրանսերենի իմացությունը: Պրոռեկտոր եղած ժամանակ բազմաթիվ կապեր եմ հաստատել ֆրանկոֆոն կառույցների հետ, բայց համարում եմ, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ ունենք»:

Նշենք, որ տևական ժամանակ ձգձգվելուց հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրությունը կկայանա ապրիլի 20-ին:

Հիշեցնենք, որ 2018-ից Թատերական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել  բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, իսկ արդեն 2019-ին նա  ընտրվել էր ռեկտորի պաշտոնում: Վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրացել էր, սակայն ռեկտորի ընտրությունը տարբեր պատճառներով հետաձգվում էր: