ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Տիգրան Սիմոնյանի ընտրության արդյունքները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է բուհի հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը:
2024 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր մեկ հավակնորդ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը:
Տիգրան Սիմոնյանն արդեն 1 տարի հանդիսանում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հիշեցնենք՝ ՀՖԿՍՊԻ-ի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը 2024 թվականին հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել փաստաթղթեր կեղծելու կասկածանքով։ Ինքը՝ Խիթարյանը, այդ գործը շինծու է անվանում։