ԳլխավորԼուր

«Չեն պատկերացնում` որտեղ պետք է աշխատեն». «Թատերագիտությունը» և «Կինոգիտությունը» անտեսված  են

Ընդունելության քննություն ԵԹԿՊԻ-ում (Թատերական)

«Թատերագիտությունը» և «Կինոգիտությունը» Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում 2023-ին առհասարակ չհայտագրված մասնագիտությունների ցանկում են: Usanogh.am-ը ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանի հետ զրուցել է պատճառների մասին, պարզել` ինչ են անում բուհում նման նախադեպից խուսափելու, այս մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար:

«Այս մասնագիտությունները մեր իրականության մեջ պետք է վերանայվեն: Մեզ մոտ հնացած պատկերացումներ կան այն մասին, որ թատերագետն ու կինոգետը կարող են դառնալ լրագրողներ, կրիտիկներ միայն, ուստի ցանկացած դիմորդ չի պատկերացնում, թե դաշտում որտեղ պետք է աշխատի, չի տեսնում ապագա: Մեր անելիքը պետք է լինի վերանայել ծրագրերը, ներկայացնել այս մասնագիտությունները համաշխարհային կոնտեքստում, բացատրել, որ այդ մասնագիտությունները բավական պահանջված են, օրինակ, փառատոնների շրջանակում»,-ասաց Սառա Նալբանդյանը:

Նրա խոսքով` օրինակ` Ռուսաստանի Դաշնությունը բավական թարմացված մոտեցումներ ունի այս երկու մասնագիտությունների հետ կապված: Շեշտում է` «Թատերագիտությունը» և «Կինոգիտությունը» քննադատությունից բացի` ունեն մենեջմենթի, հետազոտական տարրեր, և մասնագիտությունների «ռեբրենդինգը» այս ուղղություններով պետք է արվի:

Բացի օբյեկտիվ գործոններից, կան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք կարող են դրական ազդել այս մասնագիտությունների առաջխաղացման վրա.

«Պետք է այս մասնագիտությունների գծով ավելացնել անվճար տեղերը, բայց այս պարագայում պետք է վստահ լինենք, որ ծախսված ռեսուրսները նպատակային կլինեն: Օրինակ` կրիտիկ պատրաստելու համար չարժե, որ ոչ մենք, ոչ ուսանողները 4-6 տարի այդքան ռեսուրս ծախսենք: Այնպես որ, սկսել ենք վերանայել բոլոր այս հարցերը»,-եզրափակեց ռեկտորը:

Հիշեցնենք՝ բուհական ընդունելության մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երեք փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը թափուր մնացած տեղերի համար: Դրան մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ