ԳլխավորԼուրԿրթություն

Բուհերի թափուր տեղերը չեն լրացվել. ամփոփում

Հուլիսի 30-ին ամփոփվել են ՀՀ բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները։ Հիշեցնենք, որ դրական միավորներ ստացած, բայց հիմնական փուլից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող էին նոր հայտ ներկայացնել մինչեւ 6 մասնագիտությունների համար։

Նշենք նաեւ, որ ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել էր 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել էր թափուր:

Usanogh.am-ը ներկայացնում է հայաստանյան մի քանի բուհերում (առանց մասնաճյուղերի) առկա թափուր տեղերի թիվը ըստ dimord.am-ի։

ԵՊՀ-ում (Երևանի պետական համալսարան) թափուր է մնացել 815 տեղ (39 անվճար, 776 վճարովի)։ Լրացուցիչ փուլում թափուր տեղերի թիվը նվազել է ընդամենը 2-ով (վճարովի)։ Անվճար թափուր տեղերի թիվը մնացել է անփոփոխ։

ԵՊԲՀ-ում (Երևանի պետական բժշկական համալսարան) թափուր էր մնացել 49 տեղ (1 անվճար, 48 վճարովի)։ Բոլոր տեղերը լրացված են։

ՀԱՊՀ-ում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) թափուր է մնացել 634 տեղ (76 անվճար, 562 վճարովի) (նախքան լրացուցիչ փուլը թափուր վճարովի տեղերի թիվ նշված էր 507-ը (ընդհանուր թափուր տեղեր՝ 583, որը հավանաբար վրիպակի պատճառով է- խմբ.)։

ՃՇՀԱՀ-ում (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) թափուր է մնացել 884 տեղ (11 անվճար, 873 վճարովի)։ Թափուր տեղ լրացուցիչ փուլում չի լրացվել։

ՀՊՏՀ-ում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) ըստ dimord.am-ի, թափուր է մնացել 121 տեղ (121 վճարովի)։ Սակայն բուհը հրապարակել է լրացուցիչ փուլի արդյունքները, որոնց համաձայն, թափուր տեղերի թիվը կրճատվել է 75-ով։

ՀՊՄՀ-ում (Հայկական պետական մանկավարժական համալսարան) թափուր է մնացել 1156 տեղ (26 անվճար, 1130 վճարովի) (նախքան լրացուցիչ փուլը թափուր տեղերի թիվ նշված էր 1130 -խմբ.)։ Ըստ բուհի տվյալների, անվճարթափուր տեղերը կրճատվել են 3-ով, վճարովիները՝ 12-ով։

ԲՊՀ-ում (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան) թափուր է մնացել, ըստ dimord.am-ի, 537 տեղ (537 վճարովի)։ Թափուր տեղ լրացուցիչ փուլում չի լրացվել։ Սակայն բուհի լրատվականից տեղեկացրել են, որ լրացուցիչ փուլի արդյունքներով բուհ է ընդունվել 28 դիմորդ։