ԳլխավորԼուր

ՀՀ բուհական համակարգը խորը համակարգային ճգնաժամի մեջ է. վարչապետ

ՀՀ բուհական համակարգը խորը համակարգային ճգնաժամի մեջ է, և կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարության առաջարկած լուծումը, ըստ Փաշինյանի, Ակադեմիական քաղաքի ստեղծումն է։

«Մենք ասում ենք` հանրապետությունում լինելու է մինչև 8 պետական բուհ։ Հիմա մենք գործող բուհական ու գիտաուսումնական մեր հանրությանը խնդրում ենք, կոչ եք անում, որ իրենք իրենց քննարկումների միջոցով փորձեն ձևավորել պատկերացումներ, թե ինչպես կարող են համագործակցել, միավորվել, որպեսզի մենք այս ծրագիրն արդեն կոնկրետության մեջ կարողանանք իրագործել»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ բուհերը պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին ու 100 տկոսով ֆինանսավորվեն պետության կողմից, ինչը, սակայն, չի նշանակում, թե չեն կարող ունենալ ֆինանսավորման այլ աղբյուրներ։

«2027թ–ից հետո մենք թույլ չենք տալու հավաստագրման, արտոնագրման պայմաններին չբավարարող բուհերի գոյություն ՀՀ–ում` ո՛չ մասնավոր, ո՛չ պետական։ Այսօր ՀՀ–ում չկա գեթ մեկ բուհ` ո՛չ հայկական, ո՛չ արտերկրյա, որը մեր օրենսդրության հավաստագրման, արտոնագրման պայմաններին համապատասխանի։ Չկա ուղղակի այդպիսի բուհ»,– ասաց Փաշինյանը` միավորման կոչ անելով ոչ միայն հայաստանյան պետական ու մասնավոր, այլև արտասահմանյան բուհերին։

«Հիմա շատ բուհեր կան օտարերկրյա, ասում են` մեզ հող տվեք, ցանկալի է` Երևանի կենտրոնում, մենք մասնաշենքեր կառուցենք։ Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում, բոլորին հող տալու ենք Ակադեմիական քաղաքում»,– ասաց Փաշինյանը։

Հուլիսի 17-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին կոչ էր արել ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: