ԳլխավորԼուր

2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս չի եկել և արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը։

Մանասյանը մեկնարկում 4:0 հաշվով առավելության էր հասել Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Զապլիտնիին: Կիսաեզրափակչում արդեն հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ:

Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը։ Եզրափակչում Հարությունյանն ուժերն է չափել Ռուսաստանը ներկայացնող հայազգի Էդմոնդ Խուդոյանի հետ, սակայն զիջել է մրցակցին: Հայ բռնցքամարտիկը ԵԱ-ում պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովին, իսկ կիսաեզրափակչում 4:1 հաշվով առավելության էր հասել սերբ Ռադե Յոկսիմովիչի նկատմամբ:

Հայաստանի ևս 5 ներկայացուցիչ՝ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը, դարձել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային պայքարում գրավել է 4-րդ, իսկ կանանց հավաքականը՝ 5-րդ տեղը։