ԳլխավորԼուր

Մեծ Բրիտանիայի համալսարանները միացել են բողոքի ալիքին՝ ի պաշտպանություն Պաղեստինի

Բողոքի ակցիա Մեծ Բրիտանիայում՝ ի պաշտպանություն Պաղեստինի

Մեծ Բրիտանիայի համալսարաններում սկսվել է ուսանողական ցույցերի և վրանային ճամբարների ստեղծման նոր ալիք՝ ի նշան բողոքի Գազայի պատերազմի դեմ  ԱՄՆ-ի համալսարաններում բռնությունների, երբ տասնյակ (ամերիկյան աղբյուրների համաձայն՝ հարյուրավոր-խմբ.) մարդիկ ձերբակալվել են ոստիկանության կողմից ցրվելուց հետո:

Այս մասին գրում է «Գարդիան» պարբերականը։

Մայիսի 1-ին բողոքի ակցիաներ պետք է անցկացվեին առնվազն վեց համալսարաններում, այդ թվում ՝ Շեֆիլդում, Բրիստոլում, Լիդսում և Նյուքասլում, և ակնկալվում է, որ մյուսները կհետևեն պաղեստինցիների հետ համերաշխության օրինակին:

Բողոքող ուսանողները կոչ են անում իրենց համալսարաններին հրաժարվել համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք զենք են մատակարարում Իսրայել, իսկ որոշ դեպքերում խզել կապերը Իսրայելի համալսարանների հետ:

Չնայած վերջին ամիսներին Մեծ Բրիտանիայում բողոքի շարժման ուշադրության կենտրոնում էին Լոնդոնում և այլ քաղաքներում կազմակերպված զանգվածային այլ երթերը, համալսարանական ուսանողներն իրականացնում էին իրենց բողոքի ակցիաները՝ գրավելով համալսարանական շենքերը և ցույցերը, որոնք ավելի քիչ մասշտաբային էին և ավելի քիչ ուշադրություն էին գրավում:

Այնուամենայնիվ, վերջին մի քանի օրվա ընթացքում Կոլումբիայի համալսարանի և ԱՄՆ-ի այլ համալսարանների դեպքերը (ցույցերի ցրումը ոստիկանների կողմից ու ձերբակալությունները-խմբ.), որոնք հեռարձակվել են համաշխարհային լրատվամիջոցների կողմից, զայրույթի նոր ալիք են առաջացրել բրիտանացի ուսանողների շրջանում։

Մեծ Բրիտանիայի համալսարանների պրոռեկտորները ուշադիր հետևում են իրենց համալսարաններում և արտերկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ պարբերաբար հանդիպելով վերջին իրադարձությունները քննարկելու համար:

Universities UK-ի խոսնակը, որը ներկայացնում է 142 ուսումնական հաստատություն, ասել է.

«Համալսարանները հետևում են ԱՄՆ-ի և Կանադայի համալսարաններում բողոքի ցույցերի վերջին նորություններին:

Ինչպես ցանկացած ռեզոնանսային խնդրի դեպքում՝ համալսարանները քրտնաջան աշխատում են ճիշտ հավասարակշռություն պահպանել բոլոր ուսանողների և անձնակազմի անվտանգության ապահովման միջև, ներառյալ ոտնձգությունների կանխարգելումը և համալսարանում խոսքի օրինական ազատությանը աջակցելը»:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Պաղեստինի՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում. ցուցարարները դատապարտում են Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։