Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը մարտի 13-ին հայտարարել է, որ պատիժներ է սահմանել պաղեստինամետ ուսանողների նկատմամբ, ովքեր անցած տարի բողքի ակցիաների ժամանակ գրավել էին համալսարանի շենքը, հայտնում է «Ալ Ջազիրան»։
Պատիժները տարբեր են՝ ուսանողական աստիճանների իջեցումից կամ չեղարկումից մինչև պարապմունքներից մի քանի տարով հեռացում։
Համալսարանի հայտարարության մեջ չի նշվում, թե քանի ուսանող է պատժվել, չի նշվում նաև նրանց անունները՝ նրանց «մասնավոր կյանքը պաշտպանելու համար»։
Պատիժները կապված են 2024 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ, երբ բողոքող ուսանողները կարճ ժամանակով գրավեցին Մանհեթենում գտնվող Համիլթոն Հոլ մասնաշենքը՝ պահանջելով դադարեցնել ԱՄՆ-ի աջակցությունը Գազայի հատվածում Իսրայելի պատերազմին և համալսարանը դուրս բերել իսրայելական ընկերությունների վերահսկողությունից:
Համիլթոն Հոլի գրավման ժամանակ ուսանողները բարիկադավորվել են շենքում, սակայն ավելի ուշ դուրս են բերվել ոստիկանության կողմից։ Համալսարանը պնդում է, որ ցուցարարները նաև վանդալիզմի գործողություններ են իրականացրել։
Բողոքող ուսանողներին խիստ պատժելու մասին լուրը հայտնվեց ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Կոլումբիայի համալսարանի նախկին ասպիրանտ Մահմուդ Խալիլը ԱՄՆ Պետդեպարտամենտի կարգադրությամբ ձերբակալվեց ԱՄՆ ներգաղթի իշխանությունների կողմից՝ պաղեստինամետ ակցիաներին իր մասնակցության համար:
Խալիլը, որը մշտապես բնակվում Է ԱՄՆ-ում և ամուսնացած է ԱՄՆ քաղաքացի կնոջ հետ, մասնակցել է ցույցերին մինչև դեկտեմբեր՝ ուսման ավարտը։
Դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է Խալիլի արտաքսումը, սակայն նա կալանքի տակ է մնում Հարավային Լուիզիանա նահանգի քննչական մեկուսարանում:
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կչեղարկի դաշնային կառավարության 400 միլիոն դոլարի դրամաշնորհներն ու պայմանագրերը՝ պաղեստինյան ցույցերի հետ կապված համալսարաններում հակասեմականության վերաբերյալ «օրինական մտահոգությունների» պատճառով:
Հավելենք, որ ուսանողները Համիլթոն Հոլը նախորդ անգամ գրավել են 1968 թվականի ապրիլին՝ բողոքելով Վիետնամում պատերազմի դեմ։
Ցուցարարները բարիկադավորվել են և մեկ գիշեր թույլ չեն տվել դեկանի պաշտոնակատար Հենրի Քոլմանին լքել իր աշխատասենյակը։ Ապրիլի 30-ին՝ բողոքի ակցիայի մեկնարկից մեկ շաբաթ անց, ոստիկանության աշխատակիցները հաշվեհարդար են տեսել ցուցարարների հետ ՝ ստորգետնյա թունելներով մուտք գործելով շենք և հեռացնելով այնտեղից ուսանողներին: Ավելի քան 700 մարդ է ձերբակալվել, ինչը Նյու Յորքի պատմության մեջ ամենամեծ զանգվածային ձերբակալություններից մեկն է: Ուսանողական թերթի տվյալներով՝ առնվազն 148 մարդ վնասվածքներ է ստացել ոստիկանների մահակների հարվածներից։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews