«Սիրելի՛ համալսարանականներ, այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների առաջնորդությամբ ցուցարարները երթով մուտք են գործել ԵՊՀ տարածք՝ հանդես գալով իրենց ակցիաներին միանալու կոչերով։
Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։
Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։
Հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով»,-տեղեկացնում են ԵՊՀ-ից։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։
Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։
Մայիսի 2-ին մայրաքաղաքի մի շարք հատվածներ փակվել են ցուցարարների կողմից, ավելի ուշ փողոցները բացվել են, 200-ից ավելի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն։
Մայիսի 3-ի առավոտյան ընդդիմադիրները վերսկսել էին փողոցներ փակել Երևանում։