Դեկան Ռաֆիկ Հակոբյանի տեղեկացմամբ, ֆակուլտետն օգտվում է «Gmail.com», «Zoom», « Skype», «E-learning.ysu.am», «Moodle» առցանց հարթակներից։
Որքան էլ ուսանողների և դասախոսների ներգրավվածությունը և պատրաստակամությունը նկատելի են, այդուհանդերձ դեկանի կարծիքով, այս հարթակները ոչ ամբողջությամբ են լրացնում դասապրոցեսը։
«Ուսուցման գործընթացի համար անմիջական շփումը շատ կարևոր է: Դասախոսի դեմքի արտահայտությունը, շարժուձևն են կենդանացնում դասը, իսկ այդ դեպքում ուսանողն ավելի անմիջական է շարադրում իր հարցերը»,- նկատեց դեկանը։
Ըստ Ռ. Հակոբյանի՝ խնդրի մյուս կողմն էլ հեռավար ուսուցման դեպքում ունեցած լրացուցիչ ժամանակի ոչ ճիշտ կառավարումն է։
«Հեռավար ուսուցման ժամանակ դասախոսը մի քանի անգամ ավելի շատ ժամանակ է ծախսում դասապատրաստման համար, սակայն արդյունավետությունը 2-3 անգամ պակասում է: Նույն ժամանակում ավելի քիչ դասախոսություն ես հասցնում բացատրել և այլն»,- փաստեց դեկանը։
Ուսանողների և դասախոսների ներգրավվածության և դասապրոցեսի բնականոն կազմակերպման մասին խոսեց նաև Ֆիզիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Ծովինար Կարապետյանը։
«Մենք օգտվում ենք ԵՊՀ-ի «E-learning» հարթակից և «Zoom»-ից։ «Zoom» հարթակը շատ լավն է և հարմար է ուսանողների ու դասախոսների ամբողջական ներգրավվածության, դասերի վերլուծման և քննարկման առումով»,- ասաց Ծովինարը։
Դիպլոմային-ավարտական աշխատանքների դեպքում առկա խնդիրների և ուսանողներին հուզող հարցերի մասին զրուցեցինք նաև Ֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի, Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար, «European Physical Society»-ի «Yerevan Young Minds» մասնաճյուղի նախագահ Ելենա Հակոբյանի հետ։
Վերջինս նշեց, որ իրենց կուրսում սահմանված դասապրոցեսն արդեն ավարտվել է, իսկ արտակարգ դրության պատճառով հետաձգվել է միայն դասապրոցեսի մաս կազմող պրակտիկան․ «Կան ֆակուլտետներ, որոնք սկզբից լրացրել են դասատախտակով սահմանված պրակտիկան, իսկ հիմա 1 ամիս տևողությամբ դասերը լրացնում են հեռավար ուսուցման մեթոդներով: Մեր դեպքում հարցի լուծումը բաց է մնում»։
Նյութն ամբողջությամբ՝ ԵՊՀ կայքում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։