ԳլխավորԼուր

«Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ Սարգիս Իզմիրլյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Սարգիս Իզմիրլյան

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ հայ բարերար, գործարար, «Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ, հասարակական ակտիվ գործիչ Սարգիս Տիգրանի Իզմիրլյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2024 թ. մարտի 29-ի որոշումը, ըստ որի, բարեգործական մեծ ներդրումների, հասարակական, հայրենասիրական բեղուն գործունեության և համալսարանի հետ երկարամյա ակտիվ համագործակցության համար Սարգիս Տիգրանի Իզմիրլյանին շնորհվել է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

«Մենք շատ ուրախ ենք այսօր Երևանի պետական համալսարանում հյուրընկալելու Սարգիս և Մարի Իզմիրլյանների ընտանիքի անդամներին, որոնք տարիներ շարունակ եղել են Երևանի պետական համալսարանի, մասնավորապես ԵՊՀ գրադարանի հիմնական հովանավորները: Այսօր մենք պատիվ ունենք նաև շնորհավորելու Տիգրան Իզմիրլյանին՝ Ազգային հերոսի կոչման արժանանալու համար»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

Նա շեշտեց, որ «Իզմիրլյան» հիմնադրամի և ԵՊՀ-ի համագործակցությունը, որը նպաստել է նաև գործակցային նոր կապեր ստեղծելուն, կլինի շարունակական:

Սարգիս Իզմիրլյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում
Սարգիս Իզմիրլյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

«Շուտով մենք առցանց հանդիպում կունենանք Ջորջթաունի համալսարանի հետ, ինչը, ըստ էության, կուրվագծի համագործակցության նոր հեռանկարներ»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Սարգիս Տիգրանի Իզմիրլյանը Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալու համար շնորհակալություն հայտնելով ռեկտորին, գիտական խորհրդի բոլոր անդամներին՝ ողջունեց ԵՊՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները, կրթական ծրագրերի լավարկման, ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։

«ԵՊՀ-ն Հայաստանի առաջատար բարձրագույն կրթական հաստատությունն է։ «Իզմիրլյան» հիմնադրամը ԵՊՀ-ի հետ համագործակցում է ավելի քան 25 տարի՝ իրականացնելով բազմաթիվ կարևոր նախագծեր: Վերջին տարիներին վերանորոգվել է ԵՊՀ ընթերցասրահը, որը շատ է սիրվել թե՛ ուսանողների, թե՛ դասախոսական կազմի կողմից: «Իզմիրլյան» հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի կայուն զարգացմանը, ֆինանսավորել ամենատարբեր նախագծեր, կրթության, առողջապահության, սոցիալական բարօրության, մարդասիրական աջակցության, մշակութային ժառանգության պահպանության նախաձեռնություններ: Նշեմ, որ կրթությունը միշտ եղել է հիմնարար՝ հասարակության կայուն զարգացման և բարգավաճման համար»,- ընդգծեց Սարգիս Իզմիրլյանը:

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի № 503 ընթերցասրահը վերանորոգվել և կահավորվել է Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Խմբ. կողմից-Հավելենք, որ  Սարգիս Իզմիրլյանի հայրը՝ Տիգրան Իզմիրլյանը, ապրիլի 4-ին պարգևատրվել է ՀՀ բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով, որը տրվում է ՀՀ Ազգային հերոսներին։