Լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ժողով է արել ԲՈՒՀ-ի դեկանների հետ և հանձնարարել անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր երեկոյան հայտարարել է Բագրատ սրբազանը՝ շեշտելով, որ վաղը առավոտյան ժամը 10:00-ին գնալու է ԵՊՀ:
«Էլինա Ասրիյանն ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն տալ և ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը: Ասել է՝ պետք լինի, 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,-ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով, սակայն որ չի կարող ասել՝ որքանով են հավաստի լուրերը:
«Ես ասում եմ՝ վաղը հազարից ավել ուսանողներ, դասադուլ արե՛ք: Ես վաղը գնալու եմ համալսարան, և թե՛ Էլինա Ասրիյանին, և թե՛ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք: Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու, համալսարանի ուսանողներն ունեն այդ քաջությունը: Դավիթ Գյուրջինյանին հիշեցնում եմ, լուրեր են պտտվում, որ Դուք հավաքել եք դասախոսներին և սպառնացել, ասել, որ ոչ ոք իրավունք չունի որևէ բանի մասնակցել: Նախորդ օրը դռները փակել էիք և վերևից նկարում էիք: Հարիր չի ձեզ»,-հավելեց Բագրատ սրբազանը՝ դիմելով Երևանի պետական և Բրյուսովի անվան պետական համալսարանների ռեկտորներին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։