ԳլխավորԽճանկար

ԵՊՀ ուսանողներն անգլերեն են դասավանդում բրազիլացիներին

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողներ Աննա Մադաթյանը և Ջուլիետա Գևորգյանն ուսանելու տարիներից մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ծրագրերի՝ փոխանցելով իրենց գիտելիքները թե՛ օտարերկրյա, թե՛ հայ ուսանողներին: Ysu.am-ի հետ զրույցում նրանք պատմել են ձեռք բերած դասավանդման փորձի, դրանում ԵՊՀ-ի անգնահատելի դերի և իրենց սահմանած նպատակների մասին։

Աննան և Ջուլիետան դասավանդման փորձ ձեռք են բերել դեռ ամիսներ առաջ «COIL» (Collaborative online international learning) փոխանակման վիրտուալ ծրագրի շրջանակում՝ Բրազիլիայի «ՖԱՏԵՔ» բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողներին դասավանդելով անգլերեն (որպես 2-րդ օտար լեզու): Դասընթացի շրջանակում նրանք կատարել են լսողական, խոսակցական և քերականական վարժանքներ: Այն, որ ուսանողները մեծ ոգևորությամբ են վերհիշում դասընթացը, վկայում է դրա հաջողության մասին:

Նմանօրինակ դասընթացներին որպես բանախոսներ հանդես գալը, ըստ նրանց, մինչև ֆակուլտետ ընդունվելն ունեցած նպատակներից է եղել, ինչն այսօր իրականություն է դարձել: ԵՊՀ ուսանողների հավաստմամբ` այս հարցում անգնահատելի է հարազատ ֆակուլտետի դերը: Ասում են` այնտեղ պարզապես նոր լեզուներ չեն սովորում. ֆակուլտետը տալիս է ավելին, քան շատերն են կարծում:

«Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը հնարավորություն է տալիս ոչ միայն գերազանց տիրապետելու տարբեր լեզուների, այլև ուսումնասիրելու մի շարք երկրների մշակույթը, կրոնը, պատմությունը»,- վստահեցնում է Աննան:

Նրա խոսքով՝ դասախոսների` դրանց վերաբերյալ գիտելիքներն առավել հետաքրքիր եղանակներով մատուցելու ձևն օրինակ է եղել հայ և օտարերկրյա ուսանողների համար կազմակերպված դասընթացներն անցկացնելիս:

Աննայի և Ջուլիետայի համոզմամբ` ժամանակակից աշխարհում դժվար է սովորել, աշխատել և հաջողությունների հասնել՝ առանց օտար լեզուների և մասնավորապես անգլերենի իմացության:

«Անգլերենը, լինելով միջազգային լեզու, աշխատանքի ընթացքում հնարավորություն է տալիս հաղորդակցվելու օտարերկրյա ներկայացուցիչների  հետ: Տիրապետելով լեզվին, կարելի է ասել, դառնում ես պահանջված մասնագետ ոչ միայն տեղական, այլև միջազգային աշխատաշուկայում: Պահանջված մասնագետ լինելու գործում մեծ է համալսարանի դերն ու ընձեռած հնարավորությունները»,- նշում է Ջուլիետան:

Հարցին, թե բացի ակադեմիական կրթությունից ֆակուլտետն ի՞նչ այլ հնարավորություններ է ընձեռում ուսանողներին, շարունակելով միմյանց՝ նրանք թվարկում են՝ միջազգային հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչների անցկացրած դասախոսություններ, օտար լեզվով բանավոր խոսքի զարգացմանն ուղղված սեմինար-քննարկումներ, միջազգային փոխանակման ծրագրերով ուսումն արտասահմանում շարունակելու հնարավորություն, միջազգային համաժողովներում, օլիմպիադաներում ակտիվ ներգրավվածություն և այլն:

Հետաքրքիր է, որ չորրորդկուրսեցի ուսանողները վերոնշյալ հնարավորությունները պարզապես չեն թվարկում: Նրանց խոսքից պարզ է դառնում՝ այդ ամենը հիմք է եղել, որ այսօր նրանք հասակակիցներին են փոխանցում իրենց ստացած արժեքավոր գիտելիքն ու հմտությունները։

Հարցին, թե կա՞ն տարբերություններ հայ և օտարերկրյա ուսանողներին դասավանդելու մոտեցումների միջև, նրանք դրական պատասխան են տալիս:

«Բրազիլացիներն անգլերենի այլ արտասանություն ու շեշտադրում ունեն: Այդ էր պատճառը, որ դասավանդման ծրագրում ներառել եմ բանավոր խոսքի և լսողական հմտությունները զարգացնող վարժություններ` հիմնված տեսահոլովակների, երգերի, գրքերից հատվածների և հետաքրքիր թեմաների քննարկումների վրա»,- մատնանշում է Ջուլիետան:

Աննան, շարունակելով կուրսընկերոջ խոսքը, նշում է, որ բրազիլացիներին դասավանդելը լավ հնարավորություն է եղել Հայաստանն ու հայկական մշակույթը ներկայացնելու՝ մեծացնելով հետաքրքրությունը երկրի նկատմամբ: