ԳլխավորԼուր

Գրաբարը սնուցող աղբյուր է լեզվի հաջորդող փուլերի համար

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթում հաղթել  է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի առաջադրած թեման՝ «Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր»:

Ysu.am-ը զրուցել է  աշխատանքային խմբի ղեկավար, ամբիոնի վարիչ,  բ. գ. դ., պրոֆ. Աննա Աբաջյանի հետ:

«Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» թեմայի շրջանակում հետազոտվելու է գրաբարի դերը 21-րդ դարում արդի արևելահայերենի բառապաշարի, հատկապես տերմինաշինության հարստացման գործընթացում.

«Գրաբարյան բառապաշարը իր բառակազմական և իմաստաբանական հարուստ կաղապարներով մշտապես եղել է սնուցող աղբյուր լեզվի հաջորդող փուլերի համար. այժմ այդ աղբյուրի դերն առավել կարևորվում է, որովհետև շատ ավելի մեծ արագությամբ և ծավալով են նոր հասկացություններ առաջանում: Օտար բառերի և տերմինների հայերեն տարբերակների մշակման դարավոր ավանդույթը արդյունավետ հիմք է նոր հասկացությունների հայերեն համարժեքների որոնման և ստեղծման համար»,- ասաց Աննա Աբաջյանը:

Ա. Աբաջյանը նշեց, որ գիտական թեմայի հիմնանպատակը գրաբարյան բառակազմական կաղապարների, իմաստաբանության, դարձվածային միավորների դերի և ազդեցության բացահայտումն է արդի հայերենի բառապաշարի հարստացման մշտակա գործընթացում, զուգահեռաբար տերմինաշինության մեջ հաջողված գրաբարյան միավորների առանձնացումը, դրանց համաբանությամբ նոր եզրույթների ձևավորման գործընթացի կանոնակարգումը:

«Նախատեսում ենք ուսումնասիրել դասական և հետդասական շրջանի ինքնուրույն և թարգմանական երկերը, մասնավորապես հունաբան թարգմանությունների տարբեր շրջաններին պատկանող գործերը, որովհետև հենց այս ուղղությանն ենք պարտական արդի հայոց տերմինաբանության հիմնադրման և զարգացման ուղղությունների համար: Աշխատանքի շնորհիվ ի մի է բերվելու այն բառային միավորների և եզրույթների համակարգը, որը կենսունակ է դարձել արդի արևելահայերենում»,-հավելեց պրոֆեսորը:

«Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր»  ուսումնասիրության ավարտուն արդյունքը կլինի արդի արևելահայերենում նոր իմաստ և նոր կիրառություն ձեռք բերած բառապաշարային միավորների, տարբեր ասպարեզների եզրույթների հնարավորինս ամփոփ շտեմարան-բառարանի (կորպուսի) ստեղծումը, որն էապես կարող է օգնել հայ ու օտարազգի տարբեր բնագավառների գիտնականներին, տերմինաշինությանը վերաբերող գիտական հետազոտություն կատարողներին, ուսանողներին, ինչպես նաև արդի շրջանում հայերենի բառապաշարի հարստացմանը:

Խմբի անդամներն են ամբիոնի վաստակաշատ դոցենտներ Նարինե Դիլբարյանը, Անահիտ Յուզբաշյանը և երիտասարդ դասախոս, բ.գ.թ. Սիրարփի Կարապետյանը: