ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում բացվել է Երվանդ Տեր-Մինասյանի կիսանդրին

ԵՊՀ նախասրահում՝ համալսարանի մյուս երախտավորների կիսանդրիների կողքին, այսուհետ լինելու է դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Երվանդ Տեր-Մինասյանի կիսանդրին:

Երևանի պետական համալսարանում Երվանդ Տեր-Մինասյանի դերն անգնահատելի է. նա եղել է ԵՊՀ հիմնադիր դասախոսներից, որն իր կյանքն ու ներուժը նվիրել է համալսարանի ստեղծման և զարգացման գործին: Պրոֆեսորի վաստակը մեծ է ինչպես հայ բառարանագրության ասպարեզում (համահեղինակ է Ռուս-հայերեն երկհատոր և քառահատոր բառարանների, ինչպես նաև Ժամանակակից հայոց լեզվի բացատրական քառահատոր բառարանի), այնպես էլ ԵՊՀ-ում ասորագիտության ուսումնասիրման հիմքեր դնելու գործում:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին այս կարևոր իրադարձության կապակցությամբ, պատմեց Երվանդ Տեր-Մինասյանի կյանքի ու գիտական գործունեության, մայր բուհում և հայ եկեղեցու պատմության մեջ նրա ունեցած մեծ ավանդի մասին: Ռեկտորն ընդգծեց, որ պրոֆեսորը եղել է հայ բանասիրական գիտական մտքի երևելի անհատներից, և մեծ պատիվ է ներկա լինել նրա կիսանդրու բացման արարողությանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մասոտյան թեմի առաջնորդ եպիսկոպոս Գևորգ Սարոյանը, որի թեկնածուական ատենախոսությունը Երվանդ Տեր-Մինասյանի գրական ժառանգության վերաբերյալ է եղել: Եպիսկոպոսն ընդգծեց, որ այս միջոցառումը սպասված էր հատկապես գիտական հանրույթի համար:

«Մեր առջև հառնում է հարուստ կենսագրություն ունեցող մի անձ, որի ստեղծագործական ուղին բոլոր ժամանակներում ներշնչման աղբյուր է ծառայել սերունդների կրթության և դաստիարակության գործում: Նա այն նվիրյալներից է, որոնց հետևողական ջանքերի շնորհիվ վերջապես իրականություն դարձավ հայրենիքում բարձրագույն կրթական հաստատություն ունենալու երազանքը․ նա կանգնած է Երևանի պետական համալսարանի հիմնադրման ակունքներում»,- նշեց Գ. Սարոյանը, ապա ընթերցեց նրա հուշերից մի հատված:

Եպիսկոպոսը Երվանդ Տեր-Մինասյանին բնորոշեց իբրև մեծանուն և հմուտ հայագետի, համալսարանի երախտավորի, հայոց եկեղեցու գիտնական վարդապետի և մեծ հայրենասերի:

Երվանդ Տեր-Մինասյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև պրոֆեսորի հարազատներն ու ընտանիքի անդամները:

Նրա թոռնուհին՝ Անուշ Տեր-Մինասյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, ասաց. «Շատ հուզված եմ ոչ միայն այն պատճառով, որ իմ պապի կիսանդրին է բացվում, այլև նրա համար, որ մենք ներկա ենք պատմական արդարության հաստատման գործընթացին: Վստահ կարող եմ ասել, որ այժմ նա նորից այն միջավայրում է, որտեղ ապրել, աշխատել և գործել է: Այն մարդկանց կիսանդրիները, որոնք տեսնում ենք այստեղ՝ Երևանի պետական համալսարանի նախասրահում, իր ընկերներն ու մտերիմներն են՝ Գևորգ Ջահուկյանը, Հրաչյա Աճառյանը, Էդուարդ Աղայանը, Գարեգին Հովսեփյանը, Նիկոլ Աղբալյանը և այլք»:

Նշենք, որ Երևանի պետական համալսարանը մշտապես հիշում է իր երախտավորներին՝ այն մարդկանց, որոնք ներդրում են ունեցել համալսարանի կառուցման, բարգավաճման ու զարգացման գործում, և պարբերաբար տարբեր միջոցառումների միջոցով վառ է պահում նրանց հիշատակը: