ԳլխավորԼուր

Կաթողիկոսն ընդունել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ ուսանողներին և դասախոսներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ

Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին` ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Ռուբեն Մելքոնյանը ներկայացրել է ֆակուլտետի այս տարվա ձեռքբերումները և ընդգծել, որ շրջանավարտ ուսանողներն իրենց ձեռք բերած գիտելիքներով օգտաշատ ծառայություն կբերեն հայրենի պետությանը և հայ ժողովրդին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթել է նրանց արդյունավոր գործնեություն և նորանոր հաջողություններ։

Վեհափառ Հայրապետը ներկաներին շնորհավորել է նաև Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 55-ամյակի առիթով` կարևոր նկատելով ֆակուլտետի առաքելությունը հարևան ժողովուրդների և երկրների անցյալի, ներկայի, մշակութային ժառանգության ու հայ ժողովրդի հետ առնչությունների ուսումնասիրության ուղղությամբ մասնագետների պատրաստման գործում։

Ռուբեն Մելքոնյան
Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան

Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ Արևելագիտության ֆակուլտետում ուսում և կրթություն ստացած շրջանավարտները կարևոր ներդրում են ունեցել պետականաշինության և Մերձավոր Արևելքի շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների արդյունավորման և բարի դրացիական կապերի ձևավորման գործում։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ֆակուլտետի շրջանավարտներին հայրենասիրական ոգով, ազգային արժեքների նկատմամբ մեծագույն նախանձախնդրությամբ, գիտական նոր ուսումնասիրություններով իրենց մասնագիտության շրջանակներում նպաստեն հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է Մայր Աթոռի և Արևելագիտության ֆակուլտետի միջև առկա փոխգործակցությանը՝ ընդգծելով, որ ֆակուլտետի շրջանավարտները դասավանդել են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում, ինչը ևս կապեր է ձևավորել ապագա եկեղեցականների և արևելագետ երիտասարդների միջև։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանել է շրջանավարտների հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի վերահասկողության տակ անցած հայկական հոգևոր, մշակութային ժառանգության և համաշխարհայնացման պայմաններում ազգային ինքնության պահպանմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերին, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություններում Հայ Եկեղեցու դերակատարությանը։