ԳլխավորԽճանկար

ԵՊՀ ասպիրանտն ուսումնասիրում է գորշ արջի խնդիրները Հարավային Կովկասում

Լևոն Հարությունյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ է, «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2021»-ի հաղթողներից:

Ստացած դրամաշնորհի շրջանակում Լևոն Հարությունյանն ուսումնասիրելու է Հարավային Կովկասում գորշ արջերի վրա սոցիալ-էկոլոգիական իրավիճակի ազդեցությունը:

Գորշ արջի խնդիրները Հարավային Կովկասում

Կովկասն աշխարհի կենսաբազմազանության 36 կիզակետերից մեկն է, որն աչքի է ընկնում հազվագյուտ և վտանգված կենդանական ու բուսական տեսակներով:

Դրանց թվին է պատկանում գորշ արջը, որը, թեև տարածված տեսակ է, այնուամենայնիվ հատկապես հետխորհրդային շրջանում մի շարք խնդիրների առաջ է կանգնել. խաթարվել է կենսամիջավայրը, ավելացել է ապօրինի որսը:

Արջերի բնական ապրելավայրերի թիվը նվազել է, այդ պատճառով նրանք հաճախ ստիպված են լինում սնունդ հայթայթել մարդու գործունեությամբ ստեղծված աղբյուրներից: Դրա հետևանքով վնասվում են գյուղատնտեսական տարածքներ, մեղվանոցներ, տնային կենդանիներ:

Այս երևույթն իր հերթին ավելացնում է ճնշումը և կոնֆլիկտի հավանականությունը մարդու և գորշ արջի միջև: Իմ աշխատանքի նպատակն է ուսումնասիրել նշված խնդիրները: Նախկինում որոշ ուսումնասիրություններ արվել են, սակայն լայնածավալ և համապարփակ հետազոտություն չի անցկացվել:

Ինձ օգնում է լավագույն մասնագետներից կազմված միջազգային թիմ՝ Գերմանիայի Հումբոլդտի համալսարանից, Վրաստանից, Հայաստանից և այլ երկրներից:

Չհանձնվելու մասին

Կենսաբանությունն ինձ միշտ է հետաքրքրել, սակայն եղել են պահեր, երբ որոշել եմ թողնել սիրելի զբաղմունքս:

Սակայն ստացվեց այնպես, որ ճիշտ պահին ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ ոգևորեցին ու մասնագիտական փորձ տվեցին՝ այդպիսով ուղղորդելով այնտեղ, որտեղ այժմ գտնվում եմ:

Ցանկության դեպքում գտնվում են նաև հնարավորությունները

Երիտասարդ գիտնականների խնդիրները շատ են՝ ֆինանսավորում, ժամանակակից լաբորատորիաներ, տեխնիկական միջոցներ և այլն: Դրանց վրա շատ չեմ կենտրոնացել, բայց կարծում եմ, որ ցանկության դեպքում կարելի է գտնել նաև հնարավորություններ:

Կարելի է նշել նաև ընդհանուր կրթական համակարգի որոշ թերություններ, որոնք երբեմն դժվարացնում են ավելի շատ գիտելիքներ և փորձառություն ձեռք բերելու գործընթացը:

Սակայն նշեմ, որ նվիրյալ մարդկանց աշխատանքի շնորհիվ իրավիճակն աստիճանաբար դրական ուղղությամբ է զարգանում:

Գիտությամբ զբաղվելը «գայթակղիչ է»

Գիտնականների ֆինանսավորումը բարձրացնելու ուղղությամբ պետական մակարդակով որոշ փոփոխություններ են ձեռնարկվել, բայց երևի դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Շատ կարևոր են տեղական դրամաշնորհների հասանելիությունը և քանակը: Ինչ խոսք, աստիճանաբար կարգավորվում են նաև այդ խնդիրները: Ոչ պետական դրամաշնորհներ գտնել իհարկե կարելի է, որոնց միջոցով կարող ես խնդիրներ լուծել, բայց պետք է նկատել, որ դրանք սովորաբար կարճաժամկետ են լինում:

Գիտությունը՝ մասնագիտություն, բնությունը՝ հոբբի

Իմ բոլոր հետաքրքրությունները կապված են մասնագիտությանս հետ:

Բացի արջերից, հետաքրքրված եմ նաև թռչնատեսակներով, աշխատում եմ հաճախ բնության մեջ լինել՝ նրանց դիտարկելու, լուսանկարելու համար:

Հաճախ բնապահպանության թեմայով կամավոր դասընթացներ եմ անցկացնում դպրոցականների հետ ՝ հաճելին օգտակարի հետ համադրելով:

Սիրում եմ նաև ամենագնացով արտաճանապարհային արկածներ: