ԳլխավորԼուր

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը Բագրատ սրբազանին հայտնեց. «Նման բան տեղի չի ունեցել» (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը քիչ առաջ մոտեցավ երթով Մայր բուհ հասած Բագրատ սրբազանին.

«Երեկ որևէ հանդիպում, որևէ դեկանի հետ չի եղել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ–ն ուսանողական կառույց է և այստեղ ուսանողների իրավունքները պաշտպանված են»,–ասաց պրոռեկտորը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ուսանողներին լսարաններից հանել չի կարելի, քանի որ ուսանողներն իրենց իրավունքները պետք է իրացնեն նաև լսարանում և ցանկացած ուսանող, որ եկել է դասի պետք է ստան գիտելիքներ և հմտություններ։

Սրբազանն իր հերթին շեշտեց, որ իրենք ԵՊՀ չեն մտել, ոչ մի ուսանողի լսարանից չեն հանել, այլ ուղղակի կոչ են արել միանալ իրենց։ Սրբազանը նաև ներողություն խնդրեց, եթե տեղեկությունը ճշտելու համար ԵՊՀ գալու ժամանակ իր հայտարարություններում որևէ կերպ վիրավորել է Ասրիյանին։

Հիշեցնենք՝ երեկ տեղեկություն էր տարածվել, թե Ասրիյանը ժողով է արել դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները՝ նշելով. «Պետք լինի՝ 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»։

Ի դեպ, մինչ Սրբազանը կհասներ ԵՊՀ, ուսանողները բակում պարում էին՝ սպասելով նրան։

Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով ուղղվել են դեպի Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։

Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։

Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։