ԳլխավորԼուրՀայաստանս

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթ սկսեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գառնիկ Դանիելյան, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, Սուրեն Պետրոսյան

Մեկնարկեց Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան քայլերթը, որի մասին հայտարարել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Երթն առաջնորդելու է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Շարժման մասնակիցները քայլերթից առաջ տերունական աղոթք հնչեցրին, ինչից հետո Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ծնկի իջան Կիրանց գյուղի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի առաջ, որպեսզի օրհնություն ստանան նրանից։

«Իրենց (ՀՀ իշխանությունների) գործը միակողմանի սահմանազատում անելն էր, իսկ մեր գործը`այդ ընթացը կասեցնելն է։ Մենք կարևոր թեզ ունենք` հոգին հաղթելու է «դուխին», եռագույնն էլ հաղթելու է սևին և սպիտակին»,– ասաց Բագրատ սրբազանը։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները նույնպես իրենց օրհնությունը տվեցին քայլերթի մասնակիցներին։

Բագրատ սրբազանը նշեց` Կիրանցից շարժվելու են դեպի Սևքար, ապա մեքենաներով կտեղափոխվեն դեպի Ենոքավան, հետո ոտքով կգնան դեպի Իջևանի գինու գործարան։ Այնտեղից էլ գիշերը կբարձրանան Հաղարծնի վանք, առավոտյան կմասնակցեն պատարագի, ապա մեքենայով կիջնեն դեպի Դիլիջան, հետո Սևան ու այդպես մինչև Երևան։

Երթի մասնակիցները Երևան կհասնեն մայիսի 9-ին: