ԳլխավորԼուր

 96 ժամ անընդհատ բողոքի ակցիաներ. ցուցարարները գիշերել են Բաղրամյան պողոտայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ վրաններ են տեղադրել։

Տեղեկացնենք, որ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից նրանց ուժայինները չթողեցին գնալ Դեմիրճյան փողոցով, պատճառաբանելով, որ պետք է ապահովեն ԱԺ-ի բնականոն աշխատանքը։

Իսկ  հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա 4 օրվա ընթացքում՝ 96 ժամ անընդհատ առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը` ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։

Մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան  մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը, որը առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Երթի մասնակիցները Երևան հասան մայիսի 9-ին, որտեղ բազմամարդ հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մայիսի 10-ից մեկնարկեցին անհնազանդության ակցիաները։

Մայիսի 26-ի հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Դրանից հետո նա կոչ արեց շարունակել անհնազանդության խաղաղ ակցիաները։