ԳլխավորԼուր

Ակցիաների ընթացքում կալանավորված 26 անձանց մեծ մասն ուսանողներ են, որոնք հաղորդակից են դառնում բանտային կյանքին. իրավապաշտպան

Բողոքի ակցիա Երևանի Հանրապետության հրապարակում

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ակցիաների ընթացում կալանավորված անձանց իրավունքներին՝ գրելով.

«Նուբարաշեն ՔԿՀ-ում այժմ հանրային բողոքների և ակցիաների ընթացում կալանավորված 26 անձ կա, նրանց մեծ մասը ուսանողներ են, որոնք դուրս են մնում կրթությունից, հաղորդակից են դառնում բանտային կյանքին, ինչը, վստահաբար, վնասակար ազդեցություն է ունենալու:

Ընդհանրապես, բազմիցս գրել եմ, որ ազատազրկումը այն վերջին կետն է, որը պետք է կիրառվի մարդու նկատմամբ: Մարդը, երբ սովորում է բանտային կյանքին, հիմնովին փոխվում է հոգեբանությունը: Երիտասարդներին բնականոն կյանքից կտրելը միայն վնասելու է բոլորիս:

Մի՞թե չի կարելի կիրառել օրենսդրությամբ ամրագրված այլ միջոցներ, հատկապես, 2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլընտրանքային խափանման միջոցների ցանկն ընդլայնվել է՝ ներառելով նաև տնային կալանքը, սակայն դեռևս դատական պրակտիկայում արդիական է հենց կալանավորումը, որը խափանման միջոցներից ամենախիստն է և պետք է կիրառվի բացառիկ դեպքերում։

Մարդկային կյանքերի խեղման փոխարեն փորձենք հոգատար լինել միմյանց նկատմամբ, իսկ համակարգային մոտեցումը, հատկապես այս ճակատագրական պահերին, պետք է լինի մարդակենտրոն մոտեցումը»,-գրել է նա: