ԳլխավորԼուր

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումից կան տուժածներ

Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու:
Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Հավելենք, որ այսօր ժամը 16-ին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ էին հրավիրել՝ քննարկելու Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը բացառող հայտարարությունը։ Նիստին գրանցվել էին 33 պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ չի գալու նիստին։

Ընդդիմադիրներն ԱԺ-ից երթով շարժվեցին կառավարության գլխավոր մասնաշենք, ապա Պռոշյան փողոց՝ կառավարական առանձնատների մոտ։ Նրանք պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։ Այնտեղից երբ փորձեցին Դեմիրճյան փողոցով գնալ ԱԺ-ի մոտ՝ ուժայինները թույլ չտվեցին, ու սկսվեցին բախումներ։ Բողոքի ակցիաների սկզբից ի վեր ուժայինները լուսաձայնային հատուկ միջոցներ կիրառեցին։

Մինչ այդ, ժամը 20-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արտահերթ նիստը, քվորումի բացակայության պատճառով, համարվում է չկայացած։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։