ԳլխավորԼուր

​Ինքնագլորներից տուժածներից 95%-ը հենց վարողներն են

Ցանկացած հիմնախնդիր, հատկապես նոր առաջացող, պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել փաստահեն որոշումներ՝ միտված մարդկանց առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը, ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

​«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է ինքնագլոր և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ վարելու հետ փոխկապակցված պատահարների հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց վնասվածքով դիմած անձանց վիճակագրությունը, որը հնարավորություն է տալիս ընդհանուր պատկերացում ստանալ խնդրի արդիականության և որոշ առանձնահատկությունների մասին:

​Այսպիսով, սույն թվականի մարտի 1-ից մինչև հուլիսը 1-ը ընկած ժամանակահատվածում, հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել 38 մարդու՝ հավասարաչափ արական և իգական սեռի ներկայացուցիչների:

​Ինչպես եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, մեզ մոտ ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով:

​Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում նաև փոխադրամիջոցները վարող անձինք եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30, իսկ 32%-ը 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ:

​Կարևոր նշանակություն ունի վնասվածքների բնույթի նկարագիրը, համաձայն որի տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, իսկ մնացած 76%-ի մոտ տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն առանց կոտրվածքի:

​Հոսպիտալացում պահանջվել է 2 դեպքում, մնացած բոլորը ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:

​Վերոնշյալ տվյալները, որոնք ներկայացնում են միայն մեկ հիվանդանոցային համալիրում գրանցված դեպքերը, ակնհայտորեն վկայում են ինքնագլորների վարելու հետևանքով առաջացող առողջապահական էական խնդիրների մասին, որոնք կարիք ունեն կարգավորման, ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական մակարդակներում»,-նշված է գրառման մեջ: