Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում անցկացվեց Երեւանի պետական բժշկական համալսարանում:
«Այստեղ տասնամյակներ շարունակ հաստատուն տեղ ունի բժշկական ինստիտուտի այն սաների հիշատակին նվիրված հուշատախտակը, որոնք ընկան Երկրորդ համաշխարհային պատերազմում` իրենց կյանքը տալով հանուն մարդկության խաղաղության, ապագայի:
Հուշատախտակի առաջ նախկինում հենց իրենք` բժշկականից ռազմաճակատ մեկնած, պատերազմում հաղթած բժիշկ-վետերաններին էին գալիս հիշատակի տուրք մատուցելու, իսկ այսօր նրանց փոխարեն համալսարանականները` բուհի ղեկավարությունը` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, պրոֆեսորադասախոսական, Ռազմաբժշկական ֆակուլտետի սպայական և կուրսանտական կազմի, ապագա բժիշկների ուղեկությամբ ծաղիկներ խոնարհեցին բոլոր նահատակների հիշատակին:
Ներկաներից շատերի նախնիներն են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցը, հերոսական պատմությունների կրողն ու սերունդներին փոխանցողը:
«Իմ պապը և շատ-շատերի պապերը մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին և հաղթանակ տարել: ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է շուրջ 600 հազար հայ, 5 մարշալ, 100-ից ավելի գեներալ: Այսօր հաղթանակի 80-ամյակն է, և մենք պարտավոր ենք հիշել պատմությունը և շարունակել հաջորդ` ապագա հաղթանակների համար»,- ասաց Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բուժծառայության գնդապետ Վարդան Ծատուրյանը:
Ապագա բժիշկները` ի դեմս Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանի, ևս մեծ ոգևորությամբ էին մասնակցում արարողությանը»,-հայտնում են բուհից:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews