ԳլխավորԼուր

ԵՊԲՀ լավագույն ուսանողը ծրագրում է կլինիկական գործունեությունը համատեղել մանկավարժականի հետ

Գիտելիքներն արժևորող և լավ մասնագետ դառնալու ձգտմամբ ուսանողները բժշկական բուհում բազմաթիվ են: Ահա այդպիսին է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող» մրցույթի 2020 թվականի հաղթող, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Սիմոնյանը: Ներկայացնում ենք ԵՊԲՀ կայքի հարցազրույցն ուսանողուհու հետ։

Լավագույն ուսանողի հետ զրուցել ենք բարձր առաջադիմության, գիտական գործունեության և այլ թեմաների մասին:

Դուք այս տարի հանրապետական մրցույթում ճանաչվել եք լավագույն ուսանող։ Ի՞նչ զգացողություն ունեցաք, սպասվա՞ծ էր հաղթանակը։

-Ես մի սկզբունք ունեմ, որով առաջնորդվում եմ, գրեթե, բոլոր իրավիճակներում. հուսալ լավագույնը, բայց պատրաստ լինել վատագույնին: Սա օգնում է ինչ-որ բանի հետ կապված մեծ հույսեր ու սպասելիքներ չունենալ, որպեսզի չստացվելու պարագայում հուսահատությունը մեծ չլինի: Մտածում եմ, եթե ես իսկապես արժանի եմ՝ կստացվի, եթե ոչ, ապա մեկ ուրիշն ինձանից ավելի արժանի է գտնվել: Երբ տեսա մրցույթի հայտարարությունը, վերջնաժամկետին մնացել էր 2 օր, բայց մեկ է՝ հապաղում էի դիմել, ու հստակ որոշեցի, որ պետք է դիմեմ հենց վերջնաժամկետի օրը: Դիմելուց հետո երկար ժամանակ էր անցել, գրեթե, մոռացել էի մրցույթի մասին, մինչև որ մի քանի օր առաջ, զանգ ստացա նախարարությունից. հայտնեցին, որ լավագույն ուսանող մրցանակին եմ արժանացել: Այդ պահն իրականում շատ անսպասելի էր, փորձում էի ընկալել նորությունը, և չէի կարողանում կենտրոնանալ, երբ ու որտեղ պետք է գնամ մրցանակը ստանալու:

Ինչու՞ ընտրեցիք ԵՊԲՀ-ն, Ձեր նպատակն էր բժիշկ դառնա՞լ, թե՞ հանգամանքները օգնեցին կողմնորոշվել:

-Դեռ մանկուց հստակ որոշել էի՝ բժիշկ պետք է դառնամ: Այլ մասնագիտությունների մասին անգամ չեմ էլ մտածել: Երբ դեռ դպրոցական էի, տատիկս միշտ բոլորին ասում էր՝ մեր ապագա բժշկուհին է, ու դա այդպես մանկուց իմ մեջ նստած է եղել: Հիմա էլ չեմ փոշմանել, եթե երկրորդ անգամ ընտրելու հնարավորություն ունենայի, նորից բժշկությունը կընտրեի:

Բժշկագիտության ո՞ր ճյուղն է Ձեզ հոգեհարազատ, ի՞նչ նեղ մասնագիտացում եք ընտրելու, ինչու՞։

-Ես շատ փոփոխական մարդ եմ, ընտրության հարցում դժվար կողմնորոշվող, բայց, ի զարմանս ինձ, բժշկագիտության մեջ ինձ հոգեհարազատ ուղղությունը գտել եմ՝ նյարդաբանություն: Ինչո՞ւ, որովհետև ինձ համար նյարդաբանությունն ամենաանծայրածիր, ամենաֆանտաստիկ, ամենահետաքրքիր ու միևնույն ժամանակ ամենաառեղծվածային գիտությունն է, ինչպես և մարդու ուղեղն է: Հույս ունեմ, որ ապագայում կլինեմ իմ պատկերացրած մասնագետը և Հայաստանում նյարդաբանության զարգացման մեջ գոնե մի փոքր դեր կունենամ:

Ինչպիսի՞ն են դասախոս-ուսանող հարաբերությունները։

-Շատ լավ: Համալսարանում շատ բանիմաց դասախոսների հետ եմ առնչվել, ովքեր ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր որակներ ունեն, ու որոնցից շա՜տ բաներ եմ սովորել և դեռ ունեմ սովորելու: Դասախոսի մասնագիտությունը շատ եմ հարգում, հետագայում պլանավորում եմ կլինիկայում աշխատելուն զուգընթաց նաև դասավանդել, քանի որ նյութին լավագույնս տիրապետելու մեթոդներից մեկն այն ուրիշին մատուցելն է:

Կպատմե՞ք ուսանողական կյանքի, ակտիվության մասին։

-Ուսանելու 6 տարիների ընթացքում ակտիվ եմ եղել տարբեր հարթակներում: Առաջին կուրսից Ուսանողական խորհրդարանի Ուսումնամեթոդական հանձնաժողովում եմ եղել, միշտ փորձել եմ պաշտպանել ուսանողի շահերը, ադմինիստրացիայի հետ համագործակցելով՝ լուծել ենք բազմաթիվ ուսանողների խնդիրներ, ուսուցողական, կրթական, բանավիճային միջոցառումներ կազմակերպել: Այժմ ավելի շատ գիտության ճանապարհով եմ քայլում. COBRAIN Armenia գիտահետազոտական կենտրոնի Covid-Neuro նախագծի ինտերններից մեկն եմ, որտեղ հետազոտում ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ համի և հոտի զգացողության խանգարումները, կատարում նյարդաբանական զննում և հակամարմինների հետազոտություն: 

-Ըստ Ձեզ ՝ լավագույն մասնագետ լինելուց բացի, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա բժիշկը։

-Բժիշկը պետք է լինի պատասխանատու, մարդասեր, համբերատար, ինքնաքննադատ՝ չափի մեջ, ուշադիր, նրբազգաց, աշխատասեր, պատրաստ լինի սովորել ամբողջ կյանքի ընթացքում:

-Իսկ ի՞նչ  նախասիրություներ ունեք։

-Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, բաց չեմ թողնում ոչ մի «Օսկարի» մրցանակաբաշխություն և ոչ մի նոմինացված ֆիլմ: Սիրում եմ երաժշտություն լսել, կիթառ նվագել, սպորտաձևերից շատ եմ սիրում լողը: Ափսոս հիմա չեմ հասցնում հաճախել, բայց անպայման վերսկսելու եմ պարապմունքներս: Ազատ ժամանակ նաև սիրում եմ նկարել՝ հիմնականում սև ու սպիտակ, նկարելիս մի տեսակ լիցքաթափվում ու հանգստանում եմ:  Բայց նկարներս միայն ինձ համար են, չեմ սիրում ուրիշներին ցույց տալ, երբեմն շատ մտերիմներիս հետ եմ կիսվում:

Comment here