ԳլխավորԼուր

Հաճախ ծնողներիս և հարազատներիս ջերմությունն էի չափում և ձևացնում, թե բուժում եմ նրանց

Սամվել Բատիկյան

Բժիշկը, անկախ իր նեղ մասնագիտացումից, պետք է լինի կոչմանը համապատասխան՝ բառի ամենալայն իմաստով: Այս համոզմանն է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Սամվել Բատիկյանը, որը «Վահան Արծրունու անվան» կրթաթոշակառու է, հայտնում են ԵՊԲՀ-ից:

«Դեռ մանկուց երազել եմ դառնալ բժիշկ: Հաճախ ծնողներիս և հարազատներիս ջերմությունն էի չափում և ձևացնում, թե բուժում եմ նրանց: Ինձ դուր էին գալիս բժիշկների և հիվանդանոցների մասին վավերագրական ֆիլմերը: Տպավորված էի բժիշկների գիտելիքով, փորձով և նվիրվածությամբ: Երբ մեծացա, սկսեցի ուսումնասիրել գիտական առարկաներ: Ինձ շատ էին հետաքրքրում բնական գիտությունները՝ կենսաբանությունը և, հատկապես, քիմիան: Որոշեցի ընտրել բժշկի ուղին, որովհետև ցանկանում եմ կյանքի կոչել իմ երազանքը»,-մասնագիտության ընտրության մասին խոսելիս նշում է ուսանողը։

Նրա խոսքով՝ բժշկական մայր բուհում ուսումնառությունն անցնում է հագեցած առօրյայով.

«Զգում եմ պատասխանատվություն սովորելու հանդեպ, որը լավ արդյունքներ գրանցելու հնարավորություն է տալիս: Յուրաքանչյուր ցիկլային դասընթացից փորձում եմ քաղել առավելագույնը, քանի որ համոզված եմ, որ բժիշկը անկախ իր նեղ մասնագիտացումից, պետք է լինի համապատասխան իր կոչմանը՝ բառի ամենալայն իմաստով: Այս ամենի մեջ ևս մեկ անգամ համոզվեցի՝ ծառայության անցնելով Հայոց բանակում: Վերստին արժևորեցի իմ մասնագիտության կարևորությունը՝ որպես բուժակ ներգրավված լինելով մարտական հերթապահությունում»:

Անվանական կրթաթոշակառուի համոզմամբ՝ լավ բժիշկ դառնալու համար կան մի քանի կարևոր հատկություններ և հմտություններ, որոնք անբաժանելի են «բժիշկ» կոչումից. պատասխանատվության զգացում, որոշումներ կայացնելու խիզախություն, բժշկության հանդեպ հետաքրքրասիրություն, կարեկցանք, ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն:

Խոսելով ուսումնառության դժվարությունների և հաղթահարման մասին, Սամվելը նշում է.

«ԵՊԲՀ-ում սովորելու դժվար կամ հեշտ լինելուն, իմ կարծիքով, չկա միանշանակ պատասխան: Գնալով նպատակի հետևից փորձում եմ առաջին հերթին կարևորել այն, իսկ առկա դժվարություններն հաղթահարել կշռադատված»:

Նեղ մասնագիտության ընտրության հարցում թեև հստակ դեռ չի կողմնորոշվել, բայց քիթ-կոկորդ-ականջաբանությունը համարում է լայն, հետաքրքրական, շարունակական կատարելագործում ենթադրող ոլորտ: