ԳլխավորԼուր

«Գեղեցկության ժամանակակից ընկալումներն ու բժշկությունը». քննարկում ԵՊԲՀ-ում

«Գեղեցկության ժամանակակից ընկալումներն ու բժշկությունը» խորագրով ԵՊԲՀ-ում անցկացված քննարկման ընթացքում էսթետիկ բժշկության ու պլաստիկ վիրաբուժության արագ զարգացող ճյուղերի հետ սերտորեն կապ ունեցող մասնագետներն անդրադարձել են գեղեցկության ժամանակակից չափանիշներին, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

ԵՊԲՀ շրջանավարտ, էսթետիկ վիրաբույժ Ասատուր Չաքմանյանի համոզմամբ՝ էվոլյուցիան է թելադրում չափանիշներ։ «Ժամանակը բերում է որոշակի փոփոխությունների։ Սոցիալական ցանցերը ևս ազդում են գեղեցկության չափանիշների ձևավորման վրա։ Այդ չափանիշները կան ու միշտ կլինեն», — շեշտեց նա։

Դիմածնոտային-էսթետիկ վիրաբույժ Դավիթ Ավինյանի կարծիքով՝ գեղեցկությունը հավասարազոր է եղել առողջությանը։

«Տարբեր ժամանակներում գեղեցկությունը որոշվել է մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններով՝ ցուցադրելով նաև վերարտադրողական առողջության հնարավորությունները», — նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ մեր տարածաշրջանում գերակշռում են սլավոնական և եվրոպական գեղեցկության տարրերը։

Հասարակագիտության ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի խոսքով՝ գեղեցկության մասին ուսանողների հետ զրուցելիս առաջին արձագանքը հետևյալն է լինում․ «Գեղեցիկն ընկալողի աչքերում է»։

Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեն նշեց, որ դա սուբյեկտիվ ընկալում է։ «Խնդիր կարող է առաջանալ, երբ քննարկվում է ոչ առողջը՝ որպես գեղեցիկ», — ավելացրեց նա։

ԵՊԲՀ դասախոս, հոգեբան Տաթևիկ Առաքելյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու են մարդիկ ձգտում համապատասխանել գեղեցկության որոշակի ստանդարտների, ընդգծեց, որ դա պայմանավորված է հաջողության, երջանկության հասնելու, ինչպես նաև կարիերայում առաջընթաց արձանագրելու ցանկություններով։