Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Բժշկությունը սեր է. սիրտդ շահում է՝ ավելին տալով. ԵՊԲՀ ուսանողուհի

Գայանե Պապոյան

Բժշկությունը սեր է. քեզնից խլում է շատ բաներ, բայց եթե սիրեցիր մասնագիտությունդ, անպայման սիրտդ շահում է՝ ավելին տալով: Այս խոսքերով է սկսում իր պատմությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Պապոյանը, ում հետ զրույցը տեղադրված է ԵՊԲՀ-ի կայքում։

Պատերազմի ծանր օրերին նա Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում վիրավոր զինծառայողներին առաջին բուժօգնություն էր ցույց տալիս։

«Չեմ հիշում՝ ինչից առաջացավ բժշկության հանդեպ սերը, միայն հիշում եմ՝ երբ արդեն պետք է սկսեի պարապել բուհ ընդունվելու համար, հստակ գիտեի, որ բժշկական համալսարան եմ գալու: Ինձ ոչ մի ուրիշ ոլորտում չէի պատկերացնում», — ասում է Գայանեն:

Ապագա բժշկուհին, հավանաբար, կընտրի ռեանիմատոլոգիա և անեսթեզիոլոգիա նեղ մասնագիտացումը: «Պատերազմը որոշակի ազդեցություն ունեցավ, անեսթեզիան ինձ շատ գրավեց», — ասում է Գայանեն:

Հիշում է՝ հերթական վիրահատության ընթացքում, երբ անեսթեզիայից հետո վիրաբույժները սկսեցին իրենց գործը, իսկ ինքը հետևում էր վիրավորի ցուցանիշներին՝ ճնշում, պուլս, սատուրացիա, վիրավորի գրպանից ժամացույց ու զինգրքույկ գտավ, որտեղ նշված էր, որ զինծառայողը զորակոչվել է բանակ 2020 թվականի հուլիսի 14-ին: «Պատկերացնու՞մ եք՝ 2,5 ամսվա ծառայող, բայց երկու ոտքն էլ ամպուտացրին, ահավոր էր…», — սարսափով պատմում է ապագա բժշկուհին:

Պատերազմի ընթացքում ամենադժվար օրը Գայանեի համար հոկտեմբերի 4-ն էր՝ Շուշիի մշակույթի տան ռմբակոծման օրը: «Վիրավորների հոսքը շատ մեծ էր, չէինք հասցնում վիրասեղանից տեղափոխել մի վիրավորին, երբ արդեն մյուսին էին բերում, հատակը՝ լրիվ արյուն, չէին հասցնում մաքրել, միջացքներում ամեն տեղ վիրավորներ էին, մի խոսքով՝ սարսափ ֆիլմի նման էր, չեմ էլ ուզում վերհիշել», — ցավով նշում է նա:

Այդ դաժան օրերին, ըստ Գայանեի, սերն ու համախմբվածությունն էր ուժ տալիս բժիշկներին: «Երևի պատերազմները նաև գալիս են, որպեսզի սովորեցնեն սիրել, գնահատել, արժևորել կյանքը… Շատ սիրե՛ք իրար, գուցե հետո ուշ լինի…», — ասում է բժշկուհին…

Comment here