ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում օրեր առաջ ամփոփվեցին «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխության արդյունքները։ Բժշկագիտության ոլորտում լավագույն ուսանող է ճանաչվել ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նարեկ Շալունցը։
ԵՊԲՀ լավագույն ուսանողի հետ զրուցել է ysmu.am-ը։
-Դուք այս տարի հանրապետական մրցույթում ճանաչվել եք ԵՊԲՀ լավագույն ուսանողը: Ի՞նչ զգացողություններ ունեք, սպասվա՞ծ էր արդյոք հաղթանակը:
-Անկեղծ ասած հաղթանակը որքան անսպասելի էր, նույնքան էլ ինչ-որ տեղ՝ սպասելի: Թեև այն խրախուսում է տարվա լավագույններին, բայց ուզում եմ ասել, որ սա մեկ տարվա աշխատանքի արդյունք չէ: Ուսումնառությանս 5 տարիների ընթացքում ձգտել եմ ինքս իմ առջև լինել ազնիվ, ինքնախաբեությունը երբևէ հաջողության չի բերում: Պետք է խուսափել միջակությունից և դրսևորել կամային բարձր որակներ՝ նպատակին տանող ճանապարհին դժվարությունները հաղթահարելու համար: Զգացողություններս դժվար է նկարագրել, հատկապես այն արձագանքից հետո, որ ստացա և ստանում եմ հաղթանակից հետո:
Բժշկական համալսարանում այսօր սովորում են հազարավոր ուսանողներ, որոնցից շատերը արժանիորեն կարող էին լինել իմ տեղում, և լինել լավագույնը հենց բժշկության ոլորտում՝ պատիվ է և պարտավորեցնող:
-Ինչու՞ որոշեցիք ընտրել բժշկի մասնագիտությունը:
-Անկեղծ ասած, միգուցե կարող էի լավ իրավաբան կամ ծրագրավորող դառնալ: Դպրոցական տարիներին սիրում էի բոլոր առարկաները, բայց կենսաբանության նկատմամբ սերը գերակա էր: Մի բան հաստատ գիտեմ, եթե նորից հնարավորություն լիներ, ապա անկասկած դարձյալ կընտրեի բժշկի մասնագիտությունը, ուրիշ ոլորտում ինձ չեմ պատկերացնում:
-Բժշկագիտության ո՞ր ճյուղն է Ձեզ ավելի հոգեհարազատ: Ի՞նչ նեղ մասնագիտացում եք ցանկանում ընտրել:
-Շատ դժվար է կողմնորոշվել նեղ մասնագիտության ընտրության հարցում, բայց կարծում եմ այն վիրաբուժական բաղադրիչ անպայման կպարունակի:
— Մի փոքր պատմեք համալսարանական կյանքի մասին։ Ինչպիսի՞ն պետք է լինի ԵՊԲՀ ուսանողը:
-Համալսարանական առօրյաս բավականին հագեցած է: Լինելով ՈւԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ՝ մեր թիմի հետ մշտապես փորձում ենք ականջալուր լինել ուսանողների խնդիրներին՝ կապված ուսումնական գործընթացի հետ, փորձել օգնել մեր ընկերներին: Շատ եմ կարևորում, որ ուսանողները բարձր առաջադիմությունից զատ զբաղվեն հետազոտական աշխատանքով, հետևեն գիտական նորություններին, ունենան հասարակական բարձր ակտիվություն, սկսեն կատարելագործել իրենց ապագա մասնագիտական հմտությունները:
Բայց ուզում եմ շեշտել, որ որպես ուսանող մեզ համար առաջնային պետք է լինի ուսումը, ոչինչ չպետք է լինի ուսման հաշվին, որովհետև այն հնարավորությունը, որ մեզ այսօր ընձեռնվել է, վաղը կարող է չլինել:
ԵՊԲՀ ուսանողը, կարծում եմ, միշտ տարբերվող և ներկայանալի պետք է լինի, աչքի ընկնի պարտաճանաչությամբ, պատասխանատվությամբ, աշխատասիրությամբ:
-Ինչպե՞ս կգնահատեք դասախոս-ուսանող հարաբերությունները բժշկական բուհում։
-ԵՊԲՀ-ում ինձ համար կարևոր ձեռբերում եմ համարում այն դասախոսներին, որոնց հետ բախտ եմ ունեցել աշխատել: Նրանցից շատերի հետ, մշտապես կապի մեջ եմ, անընդհատ սովորելու բան ունեմ յուրաքանչյուրից: Ես անչափ շնորհակալ եմ իմ դասախոսներին, նրանք մարդիկ են, ովքեր իրենց ներդրումն ունեն իմ հաջողությունների մեջ:
Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մայր բուհին, պրոֆեսորադասախոսական ու վարչական ողջ կազմին, ուսուցիչներիս, ընկերներիս և կուրսընկերներիս, հարազատներիս, ընտանիքիս և բոլոր այն մարդկանց, ովքեր սրտանց ուրախանում են իմ ամենափոքր հաջողությամբ անգամ: Սա նաև նրանց հաղթանակն է:
-Ըստ Ձեզ՝ բժշկին ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ:
-Առաջին անգամ բժշկի մասնագիտության ամբողջ էությունը, խորությունն ու կարևորությունը զգացի 44-օրյա պատերազմի ընթացքում: Այդ ժամանակ Գորիսի բժշկական կենտրոնում էի, և իմ աչքի առաջ՝ հիվանդանոցի ամբողջ անձնակազմը, նրանց օգնության հասած բժիշկների մի ամբողջ բանակի հետ, օր ու գիշեր պայքարում էին մեր զինվորների կյանքի համար: Այդ ընթացքում, տեսնելով բժիշկների, որոնք օրեր շարունակ առանց քնելու, առանց տրտնջալու պայքար էին մղում, և յուրաքանչյուր փրկված կյանքի հետ վերածնվում, ես հասկացա իմ ընտրած մանագիտության ողջ էությունը՝ սրտացավ և սառնասիրտ, ողջախոհ ու զուսպ, կյանք տվող, մաքառող և երբեք չհանձնվող:
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ընտրել բժշկական մայր բուհը:
-Մեր 100-ամյա բուհը տարիներ շարունակ պատվով իրականացրել է իր առաքելությունը: Մեր պետության համար դժվարին ժամանակներում այն միշտ եղել է պայքարի կիզակետում, որին մենք այսօր էլ ականատես ենք՝ կորոնավիրուսային և հետպատերազմական շրջան: Ուստի բժշկական մայր բուհ ընդունվող մեր ընկերները պետք է գիտակցեն ամբողջ պատասխանատվությունը, դժվարությունն ու հպարտությունը և պատվով կրեն իրենց ավագ ընկերներից փոխանցվող՝ հերացիական լինելու կոչումը: