ԳլխավորԼուր

Ամեն հնարավորություն նոր բան սովորելու առիթ է դառնում. Տաթև Հակոբյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից 7-ը Երևանի պետական համալսարանի ուսանողներ են։ ysu.am-ը զրուցել է նրանցից մեկի՝ Պատմության ֆակուլտետի ուսանող Տաթև Հակոբյանի հետ։

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհին ամենամյա մրցույթում հայագիտության ոլորտում զբաղեցրել է երրորդ տեղը։

Նա ծնվել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում։ Արմատներով մակվեցի է։

 Ինչպե՞ս որոշեցիք պատմություն ուսումնասիրել, և ինչպե՞ս կայացավ բուհի ընտրությունը։

— Դեռ վաղ հասակից շատ եմ սիրել պատմությունը ու մեծ ցանկություն ունեի այն ավելի լավ ուսումնասիրելու և գիտելիքներս խորացնելու։ Դպրոցական տարիներին համացանցի միջոցով ծանոթանում էի պատմության ամենահետաքրքիր էջերին։ Հետագայում հետաքրքրությունս ավելի մեծացավ, ու որոշեցի դիմել Պատմության ֆակուլտետ։ Հենց առաջին հայտով դիմեցի և ընդունվեցի անվճար հիմունքներով։ Բուհ ընտրելիս միանշանակ որոշել էի ԵՊՀ դիմել, քանի որ շատ եմ սիրում այս համալսարանն ու ուրիշ տարբերակ չէի էլ դիտարկում։

Ո՞վ է Ձեզ ոգեշնչում։

— Եղբայրս, որը, ի դեպ, նույնպես սովորում է ԵՊՀ-ում։ Պատմության հանդեպ իմ սերը նրա շնորհիվ է առաջացել։ Վաղ հասակում ինձ պատմության մասին գրքեր էր տալիս կարդալու ու մինչ օրս ոգեշնչում է ու ուղղորդում։ Շնորհակալությունս առաջին հերթին հայտնում եմ նրան։

Ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք՝ կապված ուսման հետ։

— Բակալավրիատում ուսումս ավարտելուց հետո կդիմեմ մագիստրատուրա թյուրքագիտության ոլորտում։ Հայտնի խոսք կա՝ «թշնամու լեզուն պետք է լավ իմանալ»։ Հիմա փորձում եմ նաև թուրքերեն սովորել։ Այս մասնագիտության պահանջարկը շատ մեծ է, ու կարծում եմ՝ իմ գիտելիքներով օգտակար կլինեմ նաև հայրենիքիս։

— Ի՞նչ պետք է անել լավագույն ուսանող դառնալու համար։

— Պետք է անընդհատ պրպտել, ոչ մի հնարավորությունից չհրաժարվել, քանի որ ամեն հնարավորություն նոր բան սովորելու առիթ է դառնում։ Երբ ինձ առաջարկեցին դիմել «Լավագույն ուսանող» մրցույթին, մտածում էի, որ չեմ հաղթի, բայց որոշեցի փորձել, ու ստացվեց։

Այժմ ի՞նչ գիտական գործունեությամբ եք զբաղվում։

— Հիմա պատրաստվում եմ հոդվածներ գրել ու տպագրել՝ գիտության ոլորտում առաջընթաց գրանցելու համար։ Նաև ասեմ, որ օրերս ընտրվել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ։ Շատ պարտավորեցնող պաշտոն է։ Շուտով կսկսենք գիտակրթական ծրագրեր նախագծել և միջոցառումներ կազմակերպել։

— Ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողներին։

— Երբեք չհանձնվեք։ Միշտ փորձեք անել ձեր հնարավորությունների առավելագույնը նախընտրած ոլորտում։ Գիտությունն ունի ձեր կարիքը։ Ձեր մասնագիտությամբ, գիտելիքով մասնակցություն ունեցեք հայրենիքի կառուցման ու զարգացման գործում։

Comment here