ԳլխավորԼուր

Մասնագիտական վիկտորինա՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում

<Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել և իրականացվել է մասնագիտական վիկտորինա, որի ընթացքում ստուգվել են առաջինկուրսեցիների գիտելիքները, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

ԵՊՀ կայքի հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ ամեն տարի՝ ուսումնական առաջին կիսամյակից հետո, երբ առաջինկուրսեցիներն արդեն ձեռք են բերում մասնագիտական որոշ գիտելիքներ, նրանց համար կազմակերպվում է վիկտորինա:

Նրա տեղեկացմամբ, միջոցառմանը մասնակցելու համար առաջինկուրսեցիները, ըստ հոսքերի, ձևավորում են խմբեր և մրցում իրար դեմ: Վիկտորինայի հարցերը կազմվում են՝ ըստ ուսումնական առաջին կիսամյակում անցած առարկաների:

Գոհար Ավագյանի խոսքով, հարցերը կազմել են ավագ կուրսերի ուսանողները. «Մասնագիտական ժյուրի չունենք, որովհետև հարցերը կազմվել են այնպես, որ հաղորդավարները տեղում հաշվեն միավորները և որոշեն հաղթող թիմին»:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահը փաստեց նաև, որ այս միջոցառումը լավ հնարավորություն է առաջինկուրսեցիների համար՝ ստուգելու յուրացրած գիտելիքները:

«Բացի դրանից՝ առաջինկուրսեցիներն անցած կիսամյակում, կորոնավիրուսով պայմանավորված, դասերն իրականացրել են հեռավար, և այս միջոցառումն առիթ է ուսանողական կյանքն առավել հետաքրքիր դարձնելու և Ուսանողական խորհրդի աշխատանքներին ներգրավելու համար»,- նշեց Գոհար Ավագյանը:

Այսօր տեղի ունեցած մասնագիտական վիկտորինային մասնակցել է 3 թիմ՝ «Էրուդիտ», «Նիկե-63» և «MVV»:

Վիկտորինայի երեք փուլերի արդյունքում հաղթող է ճանաչվել «Նիկե-63» թիմը:

Comment here