ԳլխավորԼուր

«Արտաքսում. դեպի անհայտություն». շնորհանդես՝ ԵՊՀ-ում

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամերիկահայ գրող, իրավաբան, բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գրքի՝ հայերեն թարգմանության շնորհանդեսը, հայտնում են ԵՊՀ-ից։

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Աննա Աստվածատուրյանը պատմել է Բաքվում ապրած տարիների, իր հուշերի, անցած ճանապարհի և գիրքը գրելու շարժառիթների մասին, ներկայացրել է ինքնակենսագրական երկի բովանդակությունը, ինչպես նաև պատասխանել է ներկաների հարցերին։

«Արտաքսում. դեպի անհայտություն» գրքում ներկայացված է Բաքվի ջարդերից փախչող ընտանիքի պատմությունը տասնմեկամյա հեղինակի աչքերով:

«Ամբողջ աշխարհին, առաջին հերթին՝ մեր ժողովրդին ու երիտասարդ սերնդին պետք է պատմել ամբողջ ճշմարտությունը, Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունը ոչ մի դեպքում չպետք է մոռացվի, հատկապես այսօր։ Գիրքը հայերեն հրատարակելու համար վճռորոշ է եղել 44-օրյա պատերազմը»,- ասաց Աննա Աստվածատուրյանը:

Նշենք, որ գրքի հայերեն թարգմանությունը հրատարակել է «Նյումեգ» հրատարակչությունը։