ԳլխավորԽճանկար

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողը լավագույնն է հումանիտար գիտությունների ոլորտում

Տաթևիկ Հակոբյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Տաթևիկ Հակոբյանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով առաջին տեղի մրցանակակիր է: Տաթևիկի հետ զրույցում ysu.am-ը անդրադարձել է ֆակուլտետի ընձեռած հնարավորություններին, բացահայտել նրա հաջողության պատմությունը:

Հետաքրքրված լինելով պատմական իրադարձությունների ուսումնասիրությամբ՝ Տաթևիկն ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ և որպես օրինակ ունենալով բազում հաջողություններ գրանցած իր դասախոսներին՝ ջանք չի խնայել ոլորտում լավագույնի կոչմանն արժանանալու համար։

«Այն պահին, երբ իմացա, որ հումանիտար գիտությունների ոլորտում գրավել եմ առաջին տեղը, տարբեր զգացողություններ ունեցա։ Լավագույն ուսանողի կոչումը պարտավորեցնող է․ այն ստիպում է կարևորել ինչպես ուսումնառության անցած տարիները, այնպես էլ՝ ուղենշել ապագան։ Այսօրինակ հաջողություններն օգնում են ինձ գնահատել ունեցածս, համոզվել, որ ճիշտ ուղի եմ ընտրել»,- ասաց Տաթևիկը։

Անդրադառնալով մասնագիտության ընտրությանը՝ նա նշեց, որ պատմության հանդեպ սերն առաջ է եկել դեռ դպրոցական տարիներից՝ շնորհիվ իր ավագ եղբոր, որը խորհուրդ էր տալիս պատմական թեմաներով գրքեր կարդալ․

«Պարբերաբար պատմական գրքեր կարդալուց հետո է՛լ ավելի էր մեծանում հետաքրքրությունս պատմության նկատմամբ։ «Ե՞րբ», «ինչո՞ւ», «ինչպե՞ս» հարցերի պատասխանները գտնելու մեծ ցանկությունն ինձ բերեց Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի հարցում ընտրությունս միանշանակ էր, քանի որ Երևանի պետական համալսարանն էր հենց այն բուհը, որտեղ ես ցանկանում էի սովորել: Ինչ վերաբերում է մասնագիտության ընտրությանը, պետք է նշեմ, որ առաջին իսկ օրերից «սիրահարվեցի» Պատմության ֆակուլտետին»։

Ուսանողական տարիներին Տաթևիկը ցուցաբերել է գիտական և հասարակական բարձր ակտիվություն՝ մասնակցելով տարաբնույթ մրցույթների, գիտաժողովների, այդ թվում՝ միջազգային մասշտաբի: Նա ակտիվ մասնակցել է նաև ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) աշխատանքներին՝ սկզբում որպես ՈՒԳԸ անդամ, այնուհետև՝ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ։ Տաթևիկը շեշտեց, որ ՈՒԳԸ-ն իր կյանքում շատ կարևոր դեր է ունեցել որպես ուսանող կայանալու, համալսարանական կյանքին ակտիվորեն ներգրավվելու և շատ այլ հարցերում։

Կարևորելով Երևանի պետական համալսարանի ընձեռած հնարավորությունները՝ Տաթևիկն ընդգծեց, որ համալսարանում ստացած բազմակողմանի և խոր գիտելիքների շնորհիվ դեռ ուսանողական տարիներին կատարել է իր առաջին քայլերը գիտական ասպարեզում․ «Մագիստրատուրայում ուսանելիս ավելի լուրջ քայլեր կատարեցի գիտակրթական ոլորտում: Ինձ համար նշանակալի փորձառություն էր մասնակցությունս 2023 թ. մայիսին Ստավրոպոլ քաղաքում (ՌԴ) կայացած միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմին: Գիտաժողովին ես հանդես եկա «Հայերի մասնակցությունը Ստալինգրադի ճակատամարտին» թեմայով զեկուցմամբ: Նույն վերնագրով իմ հոդվածը հրապարակվեց Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՌԴ) տպագրած ժողովածուում»։

Մասնակցելով «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսներ» խորագրով հանրապետական գիտաժողովին՝ Տաթևիկը ներկայացրել է «Բժիշկ և ռազմաքաղաքական գործիչ Ավետիք Բուռնազյանը» խորագրով զեկուցում։ Համանուն հոդվածը վերջերս տպագրվել է նաև ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում անցկացված գիտաժողովի նյութերի ժողովածուում։

Ամփոփելով խոսքը՝ Տաթևիկը նշեց, որ գիտակրթական ոլորտում հաջողություններ գրանցելու համար շատ կարևոր են ցանկություն ունենալը, աշխատասիրությունն ու նվիրումը․ «Ինքս ինձ հաճախ եմ ասում՝ ես կարող եմ․ պարզապես պետք է ցանկանալ ու հավատալ սեփական ուժերին։ «Ո՞վ, եթե ոչ դու» կարգախոսին հետևելով՝ միշտ ձգտում եմ սովորել նորը և գրանցել հաղթանակներ»:

Պատմության ֆակուլտետի ուսանողը տարբեր ծրագրեր ունի, որոնց շուրջ դեռևս մտորում է: Նա վստահ է՝ մտքերն ու նպատակներն իրեն կրկին տանելու են դեպի գիտություն, ԵՊՀ ասպիրանտուրա, քանի որ իր ապագան կապում է նախ և առաջ համալսարանի հետ։