Համավարակի դեմ պայքարի առաջին օրերից փորձառու և արհեստավարժ բժիշկների կողքին առաջին հայացքից աչքի չընկնող, բայց անչափ շնորհակալ ու կարևոր առաքելությունը կատարեցին նաև ապագա բժիշկները: ԵՊԲՀ սովորողները բժշկական կրթություն ստանալու գործընթացին զուգահեռ՝ կամավոր հայտնվեցին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում՝ ավագ գործընկերներին և իրենց կարիքը զգացող մարդկանց օգնելու համար: Սովորող կամավորներից էր նաև ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Տաթև Կարապետյանը: Նա կամավորական աշխատանք է կատարել Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում:
— Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել կամավորական գործունեությամբ՝ համալրելով Covid-19—ի դեմ ամենօրյա պայքար մղող բուժաշխատողների շարքերը։
-Հիշու՞մ եք ամենը ինչպես սկսվեց։ Շատ սովորական օր էր, չէ՞, ու պարզվեց, որ COVID-19-ի առաջին գրանցված դեպքն ունենք։ Նման տխուր օր էլի եմ ունեցել ապրածս 24 տարիների ընթացքում, երբ 2016 թվականի ապրիլի սկզբին վիրավորված զինվորներից մեկի վիրահատությանը ներկա գտնվեցի։ Կամավորության ոչ առաջին, բայց ամենայուրահատուկ դպրոցն անցա հենց 2016 թվականի ապրիլին՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։
Կամավորի կերպարը շատ դրական է: Կամավորը պարտականությունների և պատասխանատվության ահռելի բեռ ունի և չի կարող շատ ժամանակ հատկացնել անհատական մոտեցմանը, հատկապես արտակարգ իրավիճակներում: Կյանքը բաժանմունքների դռներից ներս եռում է։ Կամավորն էլ այդ թոհ ու բոհի մեջ հայտնված այն հրեշտակն է, ով ոչ միայն գիտելիքի և հնարավորության սահմաններում ծանրաբեռնված բուժաշխատողին օգնության հասնելու, այլ նաև պացիենտին՝ իր սիրելի երգը գտնելու, քաջալերելու, զրույցի բռնվելու համար է։ Կամավորի կերպարը ինձ համար այդ դրական հրեշտակի կերպարն է, միշտ պատրաստ օգնելու։ Արդեն պարզ է, թե ինչպես որոշեցի՝ առանց երկար մտածելու։ Առողջապահության նախարարության հայտերը լրացնելուց հետո ժամանակ պահանջվեց, մինչև մեզ կանչեցին։ Ինչո՞ւ եմ ասում «մեզ»։ Խոստանում եմ՝ կխոսեմ դրա մասին շուտով։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում որոշ ժամանակ կամավորական աշխատանք կատարելուց հետո, տեղեկացանք, որ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը համալրվում է։ Ապրիլից մինչ օրս աշխատում եմ այնտեղ։
—Ո՞րն է կամավորական աշխատանքի ամենամեծ դժվարությունը։
-Առաջին՝ կամավորության իմաստը ընկալելը: Հետո ոչ մի դժվարություն չի լինում, բացի նրանից, որ ուզում ես ավելին անել, բայց իրավունք չունես։ Շատ դեպքերում, չնայած գիտելիքներիդ, սահմանափակումները թույլ չեն տալիս ավելին անել, ավելի օգտակար լինել։
Կարծում եմ՝ հարցին ավելի լավ կպատասխանեն այլ մասնագիտության տեր այն մարդիկ, ովքեր միացել են բժշկական աշխատանքներին։ Այլ բաժանմունքներում վստահ եմ՝ ևս կլինեն այդպիսի խիզախներ, բայց մեր բաժանմունքն առանձնանում է իր կազմով. նախկին մանկավարժից մինչև զինվորական, հրուշակագործից և իրավաբանից մինչև ծրագրավորող։ Եթե հանկարծ մեր բաժանմունքով հայտնվենք բունկերում, մի քաղաքակրթություն կկազմենք։
-Դժվար չէր արդյո՞ք այդ ընթացքում համատեղել ուսումը պրակտիկ գործունեության հետ։
-Վերակենդանացման բաժանմունքում կամավորներից 19-ը ԵՊԲՀ-ի ուսանողներ են։ Համակուրսեցիներիցս շատերին ճանաչեցի այստեղ՝ համավարակի ընթացքում։ Մեզանից անկախ, բոլորս հավաքվել ենք այստեղ հաշված օրերի ընթացքում։ Երբ վարակվածների թիվն աճեց, բաժանմունքը ծավալվեց: Ժամերի ընթացքում եկան մերոնք, ընտանիքը կրկնապատկվեց, կրկնապատկվեց նաև ԵՊԲՀ-ի ուսանողների քանակը մեր բաժանմունքում։ Այս շրջանը համընկավ համալսարանի դասերի երկու հերթով ուսուցման շրջանի հետ։ Հաճախ քննություններին միանում էինք համազգեստով: Այդ դժվար օրերին ակնկալում էինք, որ մեր համալսարանն էլ, անկախ ամեն ինչից, իր ճիշտ որոշումներով կաջակցի մեզ։
Ամբողջությամբ՝ այստեղ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։